Մատչելիության հղումներ

Տեսախցիկների եւ արագաչափերի տեղադրման «արդյունավետությունը ակնհայտ է»


Ճանապարհային ոստիկանության գնահատմամբ, Երեւանում տեսանկարահանման միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման համակարգի ներդրման արդյունքում վարորդները ավելի կարգապահ են դարձել։

Երեւան քաղաքի տարածքում այս տարվա հունիսի 16-ից տեղադրվել են տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր, իսկ դրանց միջոցով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրվում են եւ որոշման տեսքով առաքվում քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ մայրաքաղաքում տեղադրված են թվով 30 արագաչափ սարքեր, եւ 20 խաչմերուկներ հսկվում են տեսանկարահանող սարքերի միջոցով։

«Այս պահի դրությամբ իրավախախտ վարորդներին առաքվել է շուրջ 115 հազար որոշում», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության մայոր Արմեն Սարգսյանը։

ՃՈ ներկայացուցչի խոսքով, արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրումից հետո խախտումների հայտնաբերման քանակն ավելացել է։

«Դա չի նշանակում, որ վարորդները սկսել են ավելի շատ խախտումներ կատարել», - նշեց Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետը, - «Ընդամենը՝ տեսանկարահանող սարքերը ֆիքսում են ավելի շատ խախտումներ, քան հնարավոր էր ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից»։

Արմեն Սարգսյանի գնահատմամբ, տեսախցիկների եւ արագաչափերի տեղադրումը ցանկալի արդյունքներ է տալիս։

«Մյասնիկյան պողոտայում, օրինակ, բոլոր գոտիներով երթեւեկող վարորդները արագությունը իջեցնում են։ Չկա մեկը, որ միտումնավոր գա եւ արագությունը գերազանցի։ Նախականխման արդյունավետությունը ակնհայտ է», - նշեց նա։

Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետը փաստում է, որ մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ տեղադրվել են արագաչափ սարքեր, նվազել են վթարների, մարմնական վնասվածքների դեպքերը։

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG