Մատչելիության հղումներ

Հանրապետականը «վստահում է Գագիկ Բեգլարյանին»


Վարչապետը տրանսպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացնում Գագիկ Բեգլարյանին, 18 հունիսի, 2012
Վարչապետը տրանսպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացնում Գագիկ Բեգլարյանին, 18 հունիսի, 2012
Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նոր կառավարության կազմին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հանրապետականն ինքնանպատակ կադրային ջարդի կողմնակից չէ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմը, ինչպես հայտնի է, քիչ փոփոխությունների ենթարկվեց. 18 նախարարներից 5-ը փոխվեցին, 13-ը մնացին իրենց պաշտոններում: Կոալիցիայից հրաժարված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախարարների պորտֆելները հանձնվեցին նոր նախարարների:

«Բնականաբար, մենք երբեք այն ուժը չենք եղել, որը գնում է հեղափոխական ճանապարհով եւ հեղափոխական կտրուկ փոփոխությունների: Մենք գնում ենք էվոլյուցիոն ճանապարհով», - ասաց Շարմազանովը:

Պաշտոններում մնացած նախարարները եւ նախկին կառավարությունը, ըստ Շարմազանովի, արդարացրել են իրենց:

«Արդարացնել չի նշանակում, որ թերություններ չեն եղել: Չնայած բազում դժվարություններին, բազում խնդիրներին, իհարկե, արդարացրել է: Պառլամենտական ընտրությունները շատ կարեւոր քննություն էր, եւ ժողովուրդը մեզ վստահեց», - ասաց նա:

Շարմազանովը անդրադարձավ նաեւ նոր, ամենաուշագրավ նշանակմանը` տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին վստահելուն, ով նախագահ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու աղմկահարույց միջադեպից հետո 2010-ի դեկտեմբերին հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից: Տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանն է Գագիկ Բեգլարյանի թեկնածությունն առաջադրել տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում, եւ այն արժանացել է ՀՀԿ-ի միաձայն հավանությանը:

«Գագիկ Բեգլարյանը մեր կուսակցության գործադիր մարմնի անդամ է, կարող ուժ է, մենք նրան տեսնում ենք այդ պաշտոնում», - ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Բեգլարյանին ներվեց ծեծը, Շարմազանովը արձագանքեց. - «Ներել-չներելը ավելի շատ բարոյական կատեգորիաներ են, բայց ես ետ չեմ նայում: Միջադեպը եղել է, Բեգլարյանը հրաժարական է տվել, նա դրանից հետո շարունակել է մնալ կուսակցության անդամ, վերընտրվել է կուսակցության ղեկավար մարմնում, եւ կուսակցությունը վստահել է Գագիկ Բեգլարյանին»:

Մյուս ուշագրավ նշանակումը սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանի նշանակումն է, ով այս պաշտոնը ստանձնելուց օրեր առաջ հրաժարվել է ԲՀԿ-ին իր անդամակցությունից, հակառակ դեպքում նախարար դառնալ չէր կարող: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նորմալ համարեց դա` ընդգծելով, որ ԲՀԿ-ն սպորտի ոլորտում միշտ տարանջատված պատասխանատվություն է ունեցել, եւ այդ ոլորտը Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ծաղկել է, ուստի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի նշանակումը նախարարի պաշտոնում պետք է ողջունել:

«Եթե կա այսպիսի ընդհանուր ներքին միջկուսակցական կոնսենսուս, որ հարկավոր է վստահել այն մարդկանց, ովքեր արդեն իսկ աշխատանք իրականացրել են, իսկ պարոն Ռոստոմյանը երկար տարիներ արդարացրել է իրեն իբրեւ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ես կարծում եմ, որոշակի զիջումների կարելի էր գնալ, այսինքն ոչ թե զիջումների, այլ կորուստների, տվյալ պարագայում կորցնել կուսակցական ընկերոջ», - ասաց Ուրիխանյանը:

Իսկ թե ինչո՞ւ ԲՀԿ-ական մյուս նախարարներն էլ չհրաժարվեցին կուսակցության անդամակցությունից պաշտոններում մնալու համար հարցին, Ուրիխանյանը պատասխանեց, որ մյուս ոլորտների պարագայում ԲՀԿ-ն տարանջատված պատասխանատվություն չի ունեցել, որպեսզի առանց կոալիցիոն նախապայմանների աշխատեր: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ուրիխանյանի, ԲՀԿ-ն «վերապահումներ» ունի նոր նախարարական կաբինետի նկատմամբ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ավելի սուր է արտահայտվում կառավարության գրեթե անփոփոխ կազմի մասին:

«Դա ընտրակեղծարարների կառավարություն է, այսինքն նախարարական պաշտոնները տվել են այն մարդանց, որոնք առավել մեծ ներդրում են ունեցել ընտրակեղծարարության մեջ: Սա գլխավոր չարիքն է, որ այսօր մենք Հայաստանում ունենք», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանը նույն համատեքստում է դիտարկում տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում նախկին քաղաքապետի նշանակումը:

«Պարզ է, որ ընտրակեղծարարության բնագավառում բարձր նվաճումների համար է տրվել այս պաշտոնը: Եվ նույն պատկերը նաեւ Ազգային ժողովում է: Բնական է, որ այդպես էլ պիտի լիներ: Ռեժիմը որեւէ վախ հասարակական կարծիքից չունի, որովհետեւ հիմնված չէ հասարակական կարծիքի վրա, հիմնված է կեղծարարների վրա», - ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, վերապահումներ հայտնելով կառավարության նկատմամբ, միաժամանակ կարծում է, որ խնդիրը երկու տասնամյակ գործող համակարգի մեջ է, ոչ թե անհատ նախարարների կամ վարչապետի:

«Ես համոզված եմ, որ ով էլ լինի նախարար, ով էլ լինի վարչապետ, կստանա նույն արդյունքը, որովհետեւ համակարգի ստորագրությունը պարտադրում է յուրաքանչյուր կառավարությանը, որ փակ ցիկլով աշխատի, որ կոռուպցիոն ռիսկերի դեմ ընդհանրապես չպայքարի», - ասաց Հակոբյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG