Մատչելիության հղումներ

Հայաստանն արձագանքում է լոսկաբոյան հայտարարությանը


Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստավայրում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարությանն արձագանքել են ինչպես պաշտոնական Երեւանը, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչները:

«Հայաստանը եռանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով», - ասված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:

Բարձր գնահատելով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այնուհետեւ նշում է. - «Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ` շարունակելու է ջանքերը ուղղված հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքերի համաձայնեցմանը»:

«Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994 թվականի մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը եւ զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»,- նաեւ ասված է Նալբանդյանի հայտարարության մեջ:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանի համոզմամբ` լոսկաբոսյան հայտարարությամբ միջազգային հանրությունը հստակ մեսիջ է ուղարկում Ադրբեջանին` ձեռնպահ մնալ ղարաբաղյան խնդիրը ուժային տարբերակով լուծելուց: Օբամայի, Պուտինի եւ Օլանդի հայտարարության մեջ, մասնավորապես, կարդում ենք. - «Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության լուծման»:

«Ցանկալի կլիներ, որ, հետագա արդյունքները ավելի տեսանելի դարձնելու համար, Մինսկի խմբի կողմից կոնկրետ, հստակ ասվեր` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտում են պարբերաբար, տեղի են ունենում դիվերսիոն սադրիչ գործողություններ շփման գծում, Ադրբեջանը անընդհատ հրաժարվում է դիպուկահարների հետքաշման գործընթացը սկսելուց: Միայն այս դեպքում հնարավորություն կլինի հավասարակշռությունն ապահովել», - ասաց Զաքարյանը:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2009 թվականից ի վեր Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հարկ են համարում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ամեն տարի հանդես գալ հատուկ հայտարարությամբ, ինչը, ըստ Մանոյանի, վկայում է, թե որքան կարեւոր է դարձել ղարաբաղյան խնդիրը միջազգային քաղաքականության մեջ:

Միեւնույն ժամանակ, Մանոյանը, անդրադառնալով Օբամայի, Պուտինի եւ Օլանդի հայտարարության բովանդակությանը` կասկած հայտնեց, թե ղարաբաղյան բանակցային գործըթնացը առաջիկայում կարագանա:

Հայտարարությունում, նշենք, կա հետեւյալ ձեւակերպումը. - «Հակամարտության կողմերը այլեւս չպետք է հետաձգեն այն կարեւոր որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են երկարատեւ եւ խաղաղ կարգավորման համար»:

«Առնվազն այնքան ժամանակ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, գործընթացը ոչ մի տեղ էլ չի գնա: Ադրբեջանը, դժգոհ լինելով Մինսկի խմբի համանախագահների այս սկզբունքների առաջ քաշելուց, փորձում է հարցը տեղափոխել այլ ատյաններ», - նշեց Մանոյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի համոզմամբ` լոսկաբոսյան հայտարարությունն ուղղակի վկայում է, որ ղարաբաղյան հարցի հետ կապված առաջիկայում պաշտոնական Երեւանի նկատմամբ ճնշումը ուժեղանալու է:

«Ես ուղիղ գծով այն կապում եմ անցած ամիս տեղի ունեցած ընտրությունների հետ: Ընտրությունների նկատմամբ չեզոք գնահատականները հիմա պետք է վերադարձվեն` Ղարաբաղի հետ կապված կամ հայ-թուրքականի հետ կապված, արտաքին ճնշումներում: Այսինքն` ընտրությունները ավանս էր իշխանություններին տրված, հիմա իշխանություններից պետք է պահանջեն համապատասխան լուծումներ: Եվ եռանախագահության պահանջները հենց դրանք են` արագացնել պրոցեսները, լուծումներ գտնել եւ այլեւս խուսափելու տեղ չունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG