Մատչելիության հղումներ

Երեւանում ցուցադրվել են թուրքական ֆիլմեր


Արվեստի քննադատ եւ ժամանակակից արվեստի համադրող Ռուբեն Արեւշատյանը արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է «Քաղցր 60-ականները» նախագծի վրա, որի շրջանակներում օրերս «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվել են անցած դարի 60-ականներին Թուրքիայում նկարահանված ֆիլմեր:

Մշակութային-հետազոտական այդ նախագիծը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արեւշատյանը, ներառում է գրեթե ողջ աշխարհը, որովհետեւ 60-ականները «բեկումնային էին գրեթե բոլոր երկրների համար» եւ ոչ միայն մշակութային, այլ բոլոր առումներով:

«Ես եւ իմ կոլեգան` ավստրիացի շատ հայտնի արվեստաբան եւ ժամանակակից արվեստի ցուցահանդեսների համադրող Գեորգ Շոլհամերը միասին մշակեցինք գաղափարը: Նախագիծը ընդգրկում է սարսափելի մեծ աշխարհագրություն… մեր նախագիծը ուսումնասիրում է իրավիճակներ կապված Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, մերձավորարեւելյան իրավիճակներն ու համատեքստերն է ուսումնասիրում… բնականաբար` Սովետական միությունը, հասնում է մինչեւ Լատինական Ամերիկա»:

Այդ բոլոր երկրներում կան կազմակերպություններ, մշակութաբաններ, արվեստաբաններ, թանգարաններ, ժամանակակից արվեստի կենտրոններ, որոնք համագործակցում են այս ծրագրի շրջանակներում ամենատարբեր միջոցառումներով` «Քաղցր 60-ականները» խորագրի ներքո:

«Որովհետեւ նախագիծը նախեւառաջ դիտարկում է այդ պրոցեսները ժամանակակից արվեստի տեսության, մշակութաբանության դիտակետից», - ասաց Արեւշատյանը` շարունակելով:

Այս ծրագրի շրջանակներում վերջերս մայրաքաղաքի «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցով (Ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շնորհիվ) անցած դարի 60-ականներին նկարահանված թուրքական ֆիլմերի ցուցադրություն եւ գիտաժողով: Իսկ մեկ ամիս առաջ Ստամբուլում հայկական 4 ֆիլմ էր ցուցադրվել, ինչին նույնպես հետեւել է քննարկում:

«Ներկայացրել էինք շատ հայտնի հայկական կինոնկարներ, որոնք անդրադառնում են հենց 60-ականների էպոխային: Դա 1965 թվականին նկարահանված «Բարեւ, ես եմ» ֆիլմն էր, «Եռանկյունի»-ն, «Մենք ենք, մեր սարերը» եւ «Հայրիկը»:

Արեւշատյանն ասաց, որ տեղի ունեցած քննարկումներն ամփոփվելու են եւ, հավանաբար, լույս են տեսնելու առանձին գրքով:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG