Մատչելիության հղումներ

ՀԲ-ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը


Համաշխարհային բանկը (ՀԲ) նախօրեին հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» անվանումը կրող հերթական կիսամյակային զեկույցը, որում 0.2 տոկոսային կետով նվազեցրել է Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի վերաբերյալ իր հունվարյան կանխատեսումը:

Հիշեցնենք. հունվարին ՀԲ-ն կանխատեսել էր Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4.3 տոկոսի աճ: Նոր զեկույցում այդ թիվն արդեն 4.1 է:

Ի դեպ, արձանագրենք, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի տնտեսական աճի կանխատեսումը ՀԲ-ի կողմից նվազեցվել է: Այսպես, Հայաստանի կարեւորագույն տնտեսական գործընկերներից մեկի` Ռուսաստանի պարագայում բանկն իր գնահատականը բարելավել է 0.3 տոկոսով` ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հասցնելով 3.8 տոկոսի: Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման հունվարյան ցուցանիշները մնացել են անփոփոխ` համապատասխանաբար 3.1 եւ 2.9 տոկոս: Զգալիորեն բարելավվել է Վրաստանի ցուցանիշը. այս երկրի ՀՆԱ-ի աճի` հունվարին կանխատեսված 5 տոկոսի ցուցանիշը հասցվել է 6-ի, այսինքն` բարձրացվել է 1 տոկոսային կետով:

ՀԲ-ն ընդհանուր առմամբ անփոփոխ է թողել համաշխարհային տնտեսության աճի հունվարյան կանխատեսումը` 2.5 տոկոս:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), մինչդեռ, չի կիսում Համաշխարհային բանկի հոռետեսությունը եւ համարում է, որ բոլոր նախադրյալները կան ընթացիկ տարվա վերջում ունենալու տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեով, այն է` 4.2 տոկոս:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գագիկ Մինասյանը, մասնավորապես, նշեց. - «Առաջին մի քանի ամիսների արդյունքը մեզ լավատեսություն է ներշնչում: Ես կարծում եմ, որ մեր տնտեսական աճը տարվա վերջում շատ բարձր կլինի: Եվ դրա համար, կարծեք թե, բոլոր նախադրյալները կան»:

Իբրեւ նման նախադրյալ Գագիկ Մինասյանը նշում է Հայաստանի տնտեսական աճի` ներկա պահին արձանագրված ցուցանիշներն ու հավելում. - «Եվ բավականին մեծ է հավանականությունը, որ մենք ավելի ցածր գնաճով կավարտենք տարին, քան նախատեսված էր: Պատճառը նա է, որ արդեն անցած ժամանակաշրջանում մենք ունենք բավականին ցածր գնաճ»:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, հիշեցնենք, ընթացիկ տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել էր ընդամենը 0.5 տոկոս, իսկ տարվա առաջին չորս ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել էր 7.2 տոկոս:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պարագայում հոռետեսության տարրերն արտահայտված էին դեռ նախորդ` հունվարյան զեկույցում:

Այն ժամանակ ՀԲ-ն Հայաստանի տնտեսության խոցելիության ռիսկերի թվում նշում էր տրանսֆերտներից կախվածությունը, համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների անկումը, ինչպես նաեւ տնտեսության դիվերսիֆիկացման ցածր աստիճանը: Այսինքն, ըստ Խաչատրյանի` այս վերանայումը միանգամայն սպասելի էր:

Տարածաշրջանային համատեքստում ՀԲ-ն իր կանխատեսումը նվազեցրել է միայն Հայաստանի պարագայում, հետեւաբար կարելի՞ է սա բացատրել միայն երկրի տնտեսության ներքին առանձնահատկություններով: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին` Վահագն Խաչատրյանը նշեց, թե առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հանգամանքներ: Արտաքին գործոններից են մնում մետաղների գների անկումն այն պարագայում, երբ մետաղները կազմում են Հայաստանի արտահանման ծավալի զգալի մասը, ինչպես նաեւ` եվրագոտու երկրների շարունակական ճգնաժամը:

Իսկ ներքին հանգամանքները, ըստ տնտեսագետի, վաղուց հայտնի են. կան ռեսուրսներ, որոնք պարզապես չեն օգտագործվում. - «Առաջին հերթին, Հայաստանի տնտեսության մրցունակություն, մենաշնորհային այս տնտեսության վերացում: Բայց դրա փոխարեն մենք զգում ենք, որ տնտեսությունն ավելի կենտրոնացվում է խոշոր բիզնեսի ձեռքին: Մանր եւ միջին բիզնեսը որեւիցե ձեւով չեն կարողանում իրենց տեղը գտնել, ընդհակառակը` նրանց դերը, տեսակարար կշիռը տնտեսության մեջ փոքրանում է»:

Հաշվի առնելով այս ամենը` տնտեսագետը նշում է, թե չի կարող որեւէ կերպ կիսել իշխանությունների լավատեսությունը` թեկուզեւ վիճծառայությունը լավատեսական ցուցանիշներ է ներկայացնում. - «Արդեն այն միտումները, որ մենք զգում ենք հատկապես վերջին 20 օրվա ընթացքում, թույլ են տալիս մեզ ասելու, որ իսկապես Հայաստանի տնտեսության ճգնաժամային երեւույթներն արդեն տեսանելի են, եւ գնալով ավելի կխորանան»:

Ամփոփելով` Խաչատրյանը ասաց, թե ամեն ինչ, ի վերջո, հանգում է բնակչության իրական կենսամակարդակի գնահատմանը, իսկ «կենսամակարդակը շարունակում է անկում ապրել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG