Մատչելիության հղումներ

Հունիսի 14-ի մամուլ


«168 ժամ»-ի հետ զրույցում Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը ասել է. - «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վարդան Օսկանյանի հետ, արդյունք է նաեւ այն բանի, որ նա տարիներ շարունակ սպասարկել է այդպիսի գործողություններ անող իշխանական կառույցներին` դա կլինի ԱԱԾ-ի՞, ապօրինի ընտրության սպասարկմա՞ն, թե՞ Մարտի 1-ի ոճրագործությունն օտարի աչքում այլ գույներով ներկայացնելու տեսքով: Այսօր ինձ համար ոչ մի նշանակություն չունի` ապօրինի՞ են իրականացնում այդ գործողությունները, թե՞ օրինական հիմքեր ունեն: Ես շատ կուզենամ, որ Վարդան Օսկանյանը, ով մասնակից է նաեւ այդ կառույցների այսպիսի վիճակի համար, գնա եւ Հայաստանի այսօրվա արդարադատության պայմաններում պայքարի իր արդարության համար»: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակին` Քոչարյանն ասել է. - « Նույն ԲՀԿ-ի ցուցակի մեջ մենք ունեցանք Մարտի 1-ի երկու շատ կարկառուն պատասխանատուներ` Վարդան Օսկանյանն ու Գրիգոր Գրիգորյանը: Այդ դեպքում հարց եմ տալիս` եթե Ռոբերտ Քոչարյանը չկար, Գրիգոր Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն էր պետք: Վստահաբար կարող եմ ասել, որ Ծառուկյանին նրանք պետք չէին: Նրանց միանշանակ պարտադրեց Ռ.Քոչարյանը»:

«Վարդան Օսկանյանն իր տեսքով, դիրքով եւ կեցվածքով շատ արդար եւ միամիտ մարդ է երեւում», - Օսկանյանի մասին իր տպավորությունները «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: - «Այնպես չէ, որ եթե չկա նման բան, ապա կկարողանան էդ մարդու գլխին սարքել, որովհետեւ Վարդան Օսկանյանի թիկունքին կա լուրջ կուսակցություն, լուրջ թիմ»: «Գասպարյանի համար, իհարկե, տարօրինակ է, որ ԱԱԾ-ն հանկարծ հիմա է հայտնաբերել մեկ-երկու տարի առաջ կատարված «փողերի լվացումը»: Տարօրինակ է նաեւ, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին` ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի հայտարարության հաջորդ օրն իսկ», - գրում է թերթը:

Իսկ ԲՀԿ-ից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - « «Այն, որ «Բարգավաճը» պաշտպանել է Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀԿ մյուս թեկնածուներին՝ ես դրանում միայն դրական միտում եմ տեսնում։ Դա լիովին տեղավորվում է կուսակցության որդեգրած կառուցողական կեցվածքի շրջանակներում։ Ուղղակի մեզանում ընդունված է, որ ընդդիմությունը պետք է միշտ դեմ լինի իշխանության բոլոր նախաձեռնություններին, ամեն ինչ ներկայացնի բացասական լույսի ներքո եւ այլն։ Բայց եթե իշխանության այս կամ այն քայլը, այս կամ այն որոշումը բխում է ժողովրդի շահերից՝ նպատակ ունի բարելավել մեր քաղաքացիների կյանքը՝ ինչո՞ւ հակադրվել դրան»։

«Առավոտ»-ը ներկայացրել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանի եւ Վարդան Հարությունյանի բանավեճը: Զոհրաբյանը ասում է. - «2007 թվականի դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Վերաքննիչ դատարանի լիազորությունները նույնացվեցին Վճռաբեկ դատարանի լիազորությունների հետ: Եվ Վճռաբեկ դատարանը հայտարարեց՝ ես «ակադեմիական» դատարան եմ՝ իրավունքի դատարան: Ես բողոքները ընտրելու եմ եւ որոշեմ՝ ընդունե՞մ վարույթ, թե՞ չընդունեմ: Սահմանադրական դատարան հասավ նաեւ այն խնդիրը, թե ինչու Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում իր որոշումները: Բայց Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ Վճռաբեկ դատարանը շարունակեց չպատճառաբանել»: Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասում է. - «Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի աստիճանի դատարան՝ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ, կա մեկ դատարան՝ դա Հայաստանի նախագահի նստավայրն է, որտեղից ցուցումներ են տրվում բոլոր դատավորներին՝ նրանց նշանակելուց առաջ նախապես կորզելով պայման, որ անվերապահորեն կենթարկվեն ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան մարդու կամ կենտրոնի ցուցումներին»:

«Ժամանակ»-ը Հայաստանում գոյություն ունեցող գաղափարական ուսմունքների, մասնավորապես, ազգանյականության շուրջ զրուցել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Նա ասում է. - «Այսօր ազգայնականության հարցերով զբաղվում են մարդիկ, որոնք դրանից գաղափար չունեն, եւ հատկապես Նժդեհով սահմանափակվելը հարցի պրիմիտիվ ընկալումն է: Ամեն կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ իրեն չպետք է իրավունք վերապահի այս հարցերի մասին խոսել, որովհետեւ դրանք մշակութաբանական լուրջ վերլուծություններ պահանջող հարցեր են: Ես վստահ եմ, որ նույն Հանրապետական կուսակցությունը, որը Նժդեհի ուսմունքի հետեւորդ է իրեն համարում, Նժդեհ կարդում է միայն նրա համար, որովհետեւ Հանրապետականի ուսմունքը դրա վրա է հիմնված: Այսօր գաղափարները դարձել են գործիք որոշ մարդկանց ձեռքին` գլուխ գովելու, որոշ մարդկանց ձեռքին էլ` մյուսներին մեղադրելու համար: Բուն գաղափարը մնում է փակ, որովհետեւ դրանով իրազեկ մարդիկ չեն զբաղվում, իսկ նրանք, ովքեր զբաղվում են, նրանց ձայնը լսելի չէ, որովհետեւ այսօր երկիրը դարձել է «գալստուկ» կապող ջահելների իշխանության երկիր»:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG