Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն պատասխանեց սենատորների հարցերին


Ադրբեջան - Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, 2-ը հունիսի, 2012թ.
Ադրբեջան - Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, 2-ը հունիսի, 2012թ.

Ռիչարդ Մորնինգսթարը անդրադարձավ ԼՂ հակամարտությանը, Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը, Հին Ջուղայի գերեզմանոցին։

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում Ռիչարդ Մորնինգսթարը կանի հնարավորը` այցելելու Հին Ջուղայի գերեզմանոց եւ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Նա խոստանում է նաեւ ներկայացնել հայկական եկեղեցու իրավունքները Բաքվում, ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին աջակցելու համար եւ նպաստել ժողովրդավարության զարգացմանը Ադրբեջանում։

Երեկ երեկոյան ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ այսպիսի հայտարարություններ արեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի առաջադրած թեկնածուն` Եվրասիական տարածաշրջանում նավթային հարցերով բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը:

Մորնինգսթարը իր բացման խոսքում շեշտեց, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար չկա ավելի մեծ առաջնահերթություն, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է եւ խոստացավ հաստատվելու դեպքում աջակցել խաղաղ կարգավորման ջանքերին:

Ելույթ ունեցող գրեթե բոլոր սենատորները մտահոգություն հնչեցրին հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը թիվ մեկ թշնամի էր հայտարարել աշխարհի հայությանը եւ հարցրեց Մորնինգսթարին՝ ճիշտ է համարում արդյոք զենքի վաճառքը մի երկրի, որի նախագահը նման ռազմատենչ հայտարարություններ է անում, որոնց հետեւում են հրադադարի խախտումներն ու զոհերը։

Մորնինգսթարը պատասխանեց, որ Միացյալ Նահանգները պետք է շատ ուշադիր լինի այս հարցում եւ ռազմական աջակցությունը չպետք է օգտագործվի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի համար իրավիճակը վատթարացնելու նպատակով: Նա նաեւ խոստացավ հաստատվելու դեպքում հստակորեն հայտարարել, որ նման ապակառուցողական հռետորաբանությունը եւ որեւէ կողմից հրադադարի խախտումները անընդունելի են:

Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարների ավերման հարցին անդրադառնալով` Մորնինգսթարը հայտարարեց, որ սրբապղծությունն անընդունելի է եւ դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում խոստացավ անպայման այցելել այնտեղ, աջակցել, որպեսզի գերեզմանատունը ընդգրկվի պաշտպանվող սրբավայրերի ցուցակում։ Մորնինգսթարը հավելեց, որ կրոնական ազատության խնդիրը պաշտպանելը իրենց առաջնահերթությունն է համարում եւ ինքը պաշտպանելու է նաեւ հայկական եկեղեցու իրավունքները Բաքվում:

ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակին։ Նշելով, որ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելը առաջին հերթին բխում է հենց Ադրբեջանի շահերից, Մորնինգսթարը խոստացավ իրենից կախված ամեն ինչ անել այդ երկրում «ժամանակակից ժողովրդավարության» կայացմանն աջակցելու համար։

Լսումներից հետո հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում Մորնինգսթարին կարող է նաեւ գրավոր հարցեր ուղղել:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը իր վերջնական կարծիքը Մորնինգսթարի թեկնածության վերաբերյալ կարտահայտի ավելի ուշ, բանավոր եւ գրավոր բոլոր հարցերի եւ պատասխանների ամփոփումից հետո, սակայն գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք կարեւորում են Մորնինգսթարի շեշտադրումները:

please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG