Մատչելիության հղումներ

Հունիսի 13-ի մամուլ


«Համակարգը կսպասի երկրորդ նախագահի միջամտությանը» վերնագրի ներքո «Ժամանակ»-ը գրում է. - «Ներկայումս երեւի թե շատերն են ուշադրությամբ հետեւելու, թե Ռոբերտ Քոչարյանը որքանով է ունակ պաշտպանելու իր` թեկուզ եւ պայմանական թիմի անդամներին, հատկապես Վարդան Օսկանյանին, որը հանդիսանում է Քոչարյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկը։ Այդ իմաստով, անգամ քաղաքական անմիջական շահագրգռությունից դուրս, երկրորդ նախագահը ներկայիս ստեղծված իրավիճակում հայտնվում է մարդկային որոշակի պարտավորությունների առաջ, առնվազն այն իշխանական համակարգի կանոնների եւ արժեքների շրջանակում, որի հիմնական ձեւավորողներից մեկն էլ եղել է հենց ինքը»։

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը` մասնավորապես նկատելով. - «Օսկանյանը ԲՀԿ խմբակցության անդամ է եւ օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար հարկավոր է ԱԺ-ի համաձայնությունը։ Սակայն, այս խնդիրը շատ արագ կարող է լուծվել, քանի որ ԱԺ մեծամասնությունը, որի մեջ մտնում են նաեւ Օսկանյանի կուսակիցներից շատերը, պատգամավորներին «հանձնելու» մեծ փորձ ունեն։ Ընդամենը չորս տարի առաջ, երբ Օսկանյանը դեռեւս ԱԳ նախարար էր, ԱԺ-ի կոալիցիոն մեծամասնությունը, որի մեջ մտնում էր նաեւ ԲՀԿ-ն, համաժողովրդական շարժմանը միացած պատգամավորներին կալանելու համաձայնությունները փաթեթով էր տալիս։ Իսկ եթե Օսկանյանին չկալանավորեն եւ գոնե կես տարի բանտում չպահեն, այս պատմությունը կդառնա իշխանությունների կողմից կազմակերպված քարոզչություն»։

Վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրողությունները` «Հրապարակ» թերթն ընդհանրացնում է. - «Այնպիսի տպավորություն է, որ մենք պերմանենտ ընտրությունների մեջ ենք` խորհրդարանականն ավարտվում է, սկսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ՏԻՄ ընտրություններն ավարտվում են, թեւակոխում ենք ՀՀ նախագահի ընտրությունների շրջան։ Եվ քանի որ մեզանում ընտրությունն ու ջրհեղեղը, ընտրությունն ու երկրաշարժը գրեթե նույն բանն են, ուստի մենք` ազգովի, շարունակ սթրեսի մեջ ենք… Կհարցնեք` ինչո՞վ է արտահայտվում ընտրությունների «աղետալի» բնույթը։ Նախընտրական ու հետընտրական շրջաններում քրեական հետապնդումների, հակառակորդի ունեցվածքը խլելու, մարդկանց գործազուրկ դարձնելու գործընթացներով, բուն ընտրությունների շրջանում` կոռուպցիայի աճի, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների տեսքով, իսկ հետընտրական շրջանում ընտրվածների կողմից իրականացված թալանով, հաբռգածությամբ, կորցրածը որքան հնարավոր է արագ վերադարձնելու գիշատչական ձգտումով ու հասարակության ավելի ու ավելի հարստահարմամբ»:

Մեկնաբանելով փաստը, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ընտրության հարցում խորհրդի 23 անդամներից 22-ը քվեարկել են նոր ռեկտորի թեկնածության օգտին, իսկ մեկի քվեարկությունն էլ համարվել է անվավեր` «Երկիր» օրաթերթը գրում է. - «Փաստորեն, ամբողջ խորհրդում չէր գտնվել գոնե մեկը, ով, դեմ արտահայտվելով, գուցե իր բարոյական աջակցությունը հայտներ հեռացված ռեկտորին: Այստեղ անձերի խնդիր չէ: Եթե անգամ Սուրեն Զոլյանն այնպիսի բռնակալ էր, որ դասախոսները հիմա իրենց ազատագրված են համարում, ապա առավել քստմնելի է նրա պաշտոնավարման ընթացքում հլու-հնազանդ մնալու եւ ընդդիմանալու քաջություն չունենալու` նրանց պահվածքը: Միանգամից կարելի է հիշել երկու շաբաթ առաջ կայացած` ԱԺ ղեկավարության ընտրությունները: Բայց այն ժամանակ գոնե գտնվել էին մարդիկ, ովքեր, օգտվելով քվեարկության գաղտնի լինելու հանգամանքից, դեմ էին քվեարկել: Փաստորեն, ԱԺ-ում ավելի ժողովրդավարական ավանդույթներ կան, քան բուհերում, որոնք ոչ միայն մասնագետ, այլեւ քաղաքացի կրթելու պատասխանատվություն ունեն»:

Գնահատելով Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հայաստանյան արձագանքները` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք հուզվում են ինֆարկտ ստանալու չափ: Ոչ թե այն պատճառով, որ ուշքները գնում է Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականների համար՝ նրանք իրենց փողի դարդն են: Ֆուտբոլը որպես խաղ, իր մասնագիտական եւ էմոցիոնալ դրսեւորումներով, այդ մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում: Նրանք այս առաջնությանը, ինչպես նաեւ մնացած բոլոր խաղերին եւ այլ իրադարձությունների նայում են միայն մի տեսանկյունից՝ «ստավկեն կպե՞լ է», թե՞ «չի կպել»: Այսինքն՝ խաղադրույքը, որը նրանք դրել են, արդարացվե՞լ է, թե՞ ոչ: Շուրջբոլորդ լսում ես նման խոսակցություններ ու տհաճություն ես զգում՝ մի՞թե այդ հրաշալի խաղը հնարավոր էր այդպես ապականել: Մյուս կողմից էլ այդ հոգեբանությունը, որի կիրառությունն, իհարկե, չի սահմանափակվում միայն ֆուտբոլով, խանգարում է հենց նրանց, բառիս լայն իմաստով՝ ղումարբազներին: Իրենց ինչ-որ արհեստական լծակներից կախման մեջ դնելով՝ նրանք չեն կարող ըմբոշխնել կյանքը՝ իր բոլոր գույներով»:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG