Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն «փողերի լվացման» գործի մանրամասներ է հրապարակում


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդագրություն է տարածել քրեական գործի առնչությամբ, որով օրերս որպես վկա ցուցմունքներ տալու է հրավիրվել Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հաղորդագրության համաձայն, ԱԱԾ-ի քննչական վարչության կողմից այս տարվա մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` «հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»:

Քրեական գործով նախաքննություն է իրականացվում Միացյալ Նահանգներում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 միլիոն դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը «իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով», - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության եւ գործող օրենսդրության պահանջները 2011 թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 միլիոն դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել»:

«Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ եւ այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է», - փոխանցում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG