Մատչելիության հղումներ

«Միլիոնների երթը» կանցնի ըստ ծրագրվածի


Ռուսաստան - Իրավապահները խուզարկություն են իրականացնում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տանը, Մոսկվա, 11-ը հունիսի, 2012թ.
Ռուսաստան - Իրավապահները խուզարկություն են իրականացնում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տանը, Մոսկվա, 11-ը հունիսի, 2012թ.

Ընդդիմադիրները չեն պատրաստվում հետաձգել ակցիան` չնայած նախօրեին կայացած խուզարկություններին։

Հունիսի 12-ին` Ռուսաստանի անկախության օրը, երկրի մայրաքաղաք Մոսկվայում ընդդիմության նախատեսած «Միլիոնների երթը» անցնելու է ինչպես ծրագրված է:

Ընդդիմությունը չի պատրաստվում հետաձգել բողոքի երթը` չնայած նախօրեին կայացած խուզարկություններին եւ այսօր ոստիկանություն ներկայանալու պահանջին, հայտարարել է երթի կազմկոմիտեն երկուշաբթի երեկոյան հրավիրած արտահերթ նիստում:

Երեկ վաղ առավոտյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել մի շարք ընդդիմադիրների` Սերգեյ Ուդալցովի, Ալեքսեյ Նավալնու, Իլյա Յաշինի, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի եւ նրանց բարեկամների տներում։

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, խուզարկությունը կատարվել է մայիսի 6-ի հերթական բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Խուզարկության ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ քարոզչական նյութեր` հակապետական կարգախոսներով, համակարգիչներ եւ էլեկտրոնային տվյալների կրիչներ, որոնք նշանակություն ունեն քրեական գործի համար, նշված է քննչական կոմիտեի հայտարարության մեջ։ Այնտեղ ասված է նաեւ, որ Քսենյա Սոբչակի տնից առգրավվել է խոշոր գումար:

Twitter-ի իր էջում Քսենjա Սոբչակը գրել է, որ չէր կարծում, թե իր երկիրը կվերադառնա այս կարգի բռնաճնշումների, եւ որ իրեն ոստիկանները կողոպտել, ստորացրել եւ ծաղրել են:

Սոբչակը պատմել է, որ առավոտյան իր տուն ներխուժելով` իրեն թույլ չեն տվել անգամ խալաթ հագնել, բարձրաձայն կարդացել են իր անձնական նամակները:

Երեկ Սերգեյ Ուդալցովը լրագրողներին փոխանցել է, որ առավոտյան ժամը 7-ից սկսել են խուզարկել իր եւ իր ծնողների տունը, մի քանի պարկ փաստաթղթեր են առգրավել, ինչպես նաեւ համակարգիչները, եւ «Միլիոնների երթից» երկու ժամ առաջ ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր տվել:

Ուդալցովի կարծիքով` սա կատարվում է ընդդիմադիր լիդերների մասնակցությունը երթին բացառելու համար: Ուդալցովը հավելել է, որ իշխանությունների նպատակն է վախեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ չմասնակցեն ընդդիմության հավաքներին, սակայն, ըստ ընդդիմադիր գործչի, դա կտա հակառակ արդյունքը:

«Նրանք, հակառակը, ուժեղացնում են մարդկանց վրդովմունքը, նրանք իրենց համար փոս են փորում ավելի ու ավելի խորը, եւ նրանք այնպիսի մի իրավիճակի կհանգեցնեն, որ երկխոսություն այլեւս հնարավոր չի լինի ու իսկական բախում կսկսվի։ Եթե նրանք դա են ուզում, ապա կհասնեն. իմ կարծիքով` իրենք նպատակադրված գնում են դրան», - հայտարարել է Ուդալցովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG