Մատչելիության հղումներ

Հայաստանում ծնվածների թվի անկում է գրանցվել


ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան, արխիվային լուսանկար
ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան, արխիվային լուսանկար
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է ավելի քիչ մարդ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2012թ. հունվար-փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվել է ավելի քան 9.5 հազար երեխա (9569), եւ եռամսյակային այս ցուցանիշը վատագույն է 2009 թվականից ի վեր:

Մյուս կողմից, նույն ԱՎԾ տվյալների համաձայն, վերջին տարիներին մահացածների թիվը Հայաստանում գնալով աճում է (խոսքը դարձյալ վերաբերում է առաջին եռամսյակների տվյալներին): Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում մահացածների թիվը կազմել է գրեթե 8 հազար (7953) հոգի, ինչը ամենաբարձրն է 2009 թվականից ի վեր:

ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, թե ամեն դեպքում այս տարվա առաջին երեք ամսիներին Հայաստանում ավելի շատ ծնվել են, քան մահացել:

«Ծնվածների թվաքանակը գերազանցում է մահացածների թվաքանակը 1.2 անգամ, այսինքն` հանրապետությունում պահպանվում է բնական հավելաճը, որ կազմել է առաջին եռամսյակում 1616 մարդ. դա ծնունդների եւ մահվան դեպքերի տարբերությունն է», - ասաց Կույումջյանը` այդուհանդերձ նշելով, որ Հասատանի երեք մարզերում` Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում, այս տարվա առաջին եռամսյակում մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին:

Ասուլիսի մյուս բանախոսը` դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը ասաց, թե այս տարվա առաջին եռամսյակում գրանցված ծնելիության անկումը չի կարելի անակնկալ համարել, եւ սպասվում է, որ առաջիկայում այն կշարունակվի. - «Մեզ մոտ ընթացքի մեջ է այն երեւույթը, երբ մենք արդեն չենք ունենա բնական հավելաճ, այլ կունենանք բնական նվազում: Փաստը արդեն առկա է երկու մարզերում, եւ կարծում եմ, երկիրը ուղիղ գծով գնում է դեպի դա»:

Եգանյանը Հայաստանում ծնելիության անկումը բացատրեց մի շարք գործոններով` արտագաղթ, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում եւ այլն. - «Ծնող տարիք են մտնում 90-ական թվականներին ծնված առավել սակավաթիվ սերունդները. իրենք քիչ են` իրենք քիչ երեխաներ են ունենալու: Այստեղ նաեւ դրսեւորվում է այն հանգամանքը, որ բավականաչափ արդյունավետ չեն այն միջոցառումները, որոնք այսօր ձեռնարկված են եւ իրականացվում են ծնելիության խթանման ուղղությամբ: Գործոններից մեկն է նաեւ այն, որ մեզ մոտ տեղի չեն ունենում իրադրության` տնտեսական առումով, սոցիալական առումով, քաղաքական առումով, քիչ թե շատ նշանակալի դրական տեղաշարժեր»:

«Մահացությունը աճում է եւ շարունակելու է աճել` համենայն դեպս ծավալային ցուցանիշների առումով: Ես կարծում եմ շատ արագ, մոտավորապես իմ գնահատմամբ` 5-7 տարվա ընթացքում մենք արդեն կունենանք բնակչության բնական աճի գծով բացասական մնացորդ», - եզրակացրեց Եգանյանը` հավելելով. - «Դրան կգումարվի նաեւ միգրացիոն հոսքերի արդյունքում բնակչության թվի նվազումը»:

Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների համաձայն, 2000-2011 թվականների ընթացքում Հանրապետությունից մեկնած եւ ժամանած մարդկանց թվաքանակը կազմում է մինուս 236 200 հոգի: Այսինքն, նախորդ 11 տարվա ընթացքում Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել, եւ տարբերությունն էլ կազմել է ավելի քան 236 հազար մարդ:

Ինչ վերաբերում է այս տարվա առաջին ամիսներին, ապա նույն ծառայության տվյալների համաձայն, մեկնող-ժամանողների հարաբերակցությունը դարձյալ բացասական է: 2012թ. առաջին չորս ամիսներին մեր երկրից ավելի շատ մեկնել են, քան ժամանել. տարբերությունը կազմել է ավելի քան 57 հազար (57320) մարդ:

Եվ վերջում, մեր ունկնդիրների հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հրապարակվեցին Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցած տարվա աշնանը անցկացված մարդահամարի նախնական ցուցանիշները: Ըստ այդմ` Հայաստանի բնակչության թիվը կազմում է շուրջ 2 միլիոն 870 հազար:

please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG