Մատչելիության հղումներ

Օսկանյանը գտնում է, որ Ադրբեջանը «ծրագրված քաղաքականություն է» վարում


Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր («Բարգավաճ Հայաստան») Վարդան Օսկանյանը մտահոգիչ է համարում: Նրա կարծիքով` ադրբեջանական կողմը ծրագրված քաղաքականություն է վարում, որին հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա:

Օսկանյանի խոսքով` 1994 թվականին հաստատված զինադադարի պահպանմանը նպաստել են բանակցությունների միջոցով հարցի կարգավորման հեռանկարը եւ շփման գծի երկու կողմերում եղած ռազմական հավասարակշռությունը:

Իսկ այժմ, նրա կարծիքով, Ադրբեջանի պատճառով խարխլվել են ռազմական գործողությունները զսպող այս երկու կարեւորագույն պայմանները. բանակցություններով հարցը կարգավորելու Ադրբեջանի հույսերը «քիչ-քիչ մարում են», եւ «առնվազն ադրբեջանցիների ընկալումներով, նրանք մեր նկատմամբ ռազմական առավելություն ունեն»:

«Մեր հակազդեցությունը ե'ւ դիվանագիտական առումով` այն, ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ե'ւ մեր ռազմական քայլերի` ինչ անելու-չանելու առումով, այնքան ադեկվատ պետք է լինի իրավիճակին, որ մենք կարողանանք դրանով Ադրբեջանի այդ պատրանքները փարատել: Որպեսզի հանկարծ Ադրբեջանը իսկապես անկանխատեսելի քայլ չանի, որը բերի պատերազմի վերսկսմանը»:

Հակազդեցությունը ձեւերը, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը պետք է ընտրի:

Նախկին արտգործնախարարին մտահոգում են նաեւ հայ զինվորների` հաճախակի դարձած մահվան դեպքերը. - «Այդ զինվորները մահանում-գնում են: Մենք նրանց դիակները պարզապես բերում-հասցնում ենք իրենց հարազատներին: Օրինակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր զինվորին պետք է տալ հերոսի թաղում` ժողովրդի մասնակցությամբ պետք է հողին հանձնվեն: Նրանց դագաղների վրա Հայաստանի դրոշը պետք է լինի, եւ քաղաքով պետք է անցնեն: Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր զինվորի կյանքը ճիշտ արժեվորել, որպեսզի կարողանանք նաեւ մեր դիվանագիտական եւ ռազմական քայլերը այնպես անել, որպեսզի դա համարժեք լինի յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի եւ նրա ընտանիքի սիրուն»:

Ազգային ժողովի կանոնակարգում նշված է, որ խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ: Օսկանյանի փոխանցմամբ, խմբակցությունը դեռ չի որոշել այդ հարցը` պետք է քննարկեն:

Օսկանյանը, սակայն, կանոնադրական հարցերին հետեւելը չի կարեւորում: ԲՀԿ-ի ներկայացուցչի համոզմամբ` կարեւոր են սկզբունքային հարցերը: Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան»-ի կարգավիճակին ճիշտ գնահատական տալ հնարավոր կլինի, երբ խորհրդարան բերվի կառավարության ծրագիրը:

Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների ընտրության հարցում ԲՀԿ-ն այլընտրանք չներկայացրեց ՀՀԿ-ին, Օսկանյանը արձագանքեց, թե դա «կադրային խնդիր է», եւ դրանից «պետք չէ եզրակացություններ անել»:

Իսկ կառավարության ներկայացնելիք ծրագրի հարցում ԲՀԿ-ն «գաղափարական պայքարի մեջ է մտնելու»: «Անձամբ ես շատ հույս չունեմ, որ ինչ-որ բան է փոխվելու, որովհետեւ գլխավոր կադրային փոփոխությունը տեղի չունեցավ: Այսինքն` վարչապետը արդեն վերանշանակվել է: Ցանկալի կլիներ, որ կադրային ինչ-որ լուրջ փոփոխություններ լինեին, որովհետեւ մի թիմ, որ հինգ տարի տնտեսական քաղաքականություն է իրականացրել եւ հաջողությունների չի հասել, այդ նույն թիմը ուղղակի չի կարող վստահություն ներշնչել հասարակությանը, բիզնեսին: Արդեն մեր սկզբնակետը այնքան դրական չէ… Բայց նորից ես չեմ ուզում նախապաշարվեմ: Սպասենք` տեսնենք ինչպիսի ծրագիր կներկայացնեն»:

Հարցին, թե իրականությանը համապատասխանում են հրապարակումները, թե ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն համաձայնության չեկան վարչապետի փոփոխության հարցում, Օսկանյանը արձագանքեց. - «Բանակցությունները եղել են պարոն Ծառուկյանի եւ նախագահի միջեւ: Արդյունքը այն է, որ չկա կոալիցիա: Մնացածը, ես կարծում եմ, որ էական չէ»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չէր բացառել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը նախագահական ընտրություններից հետո կարող է նոր կոալիցիայի մաս կազմել: Այս առնչությամբ Օսկանյանն ասաց, թե ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինեն հաջորդ քայլերը:

Օսկանյանի խոսքով` նախորդ տարի թարմացված կոալիցիոն հուշագրից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել էր, թե 2013-ին կսատարի գործող նախագահին, իրավիճակ է փոխվել` «կուսակցությունը նոր կոալիցիայում չկա»:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG