Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը օգտագործելու է «խորհրդարանական բոլոր հնարավորությունները»


ՀԱԿ-ի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին հանդիսավոր նիստը բոյկոտած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արդեն երկուշաբթի օրը կգնա խորհրդարան եւ կսկսի աշխատանքը:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով դաշինքի խմբակցության երեկվա նիստում ընտրվել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար: Խմբակցության քարտուղարն էլ, ինչպես հայտնի է, Հայոց համազգային շարժում կուսակցությունը գլխավորող Արամ Մանուկյանն է դարձել: Իսկ թե այլ թեկնածություններ եղել են, թե՝ ոչ, ՀԱԿ-ը չի մեկնաբանում՝ դա համարելով իրենց ներքին խոհանոցային հարցը:

Զուրաբյանի փոխանցմամբ` Կոնգրեսն այսուհետ ակտիվորեն կմասնակցի Ազգային ժողովի աշխատանքներին, եւ խորհրդարանի հաջորդ նիստին արդեն դաշինքի պատգամավորները ներկա կգտնվեն։

«Մենք օգտագործելու ենք Ազգային ժողովի ամբիոնը, բոլոր ընթացակարգերը, բոլոր հնարավորությունները խորհրդարանական մենք օգտագործելու ենք մեր այս ժողովրդավարական շարժման օրակարգը առաջ տանելու նպատակով», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը։

Զուրաբյանը շեշտեց, որ իրենք շատ բաց են խորհրդարանական ուժերի հետ համագործակցության հարցում:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց համարում են ոչ թե ընդդիմություն, այլ` իշխանության այլընտրանք, այս պայմաններում արդյոք ճի՞շտ է Կոնգրեսի համագործակցությունը նրանց հետ, ՀԱԿ-ի համակարգողն այսպես պատասխանեց. - «Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են Հայաստանի զարգացմանը ուղղված օրինագծեր ընդունել։ Մենք համագործակցելու ենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կմիանան մեր քայլերին այս ռեժիմի դեմ` բոլորի հետ։ Մենք շատ բաց ենք համագործակցության համար»։

Հարցին` «Բարգավաճ Հայաստան»-ի թիկունքում չե՞ն տեսնում արդյոք երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Զուրաբյանը արձագանքեց. - «Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործոն գոյություն չունի։ «Բարգավաճ Հայաստան»-ը, լավ թե վատ, գոյություն ունի որպես քաղաքական գործոն։ Եվ ինձ համար հասկանալի չէ, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ լծակներ ունի` ազդելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, որը այսօր, ուզենք թե չուզենք, ինքնուրույն քաղաքական գործոն է Հայաստանում։ Եվ առնվազն հիմա բացարձակապես չի երեւում, թե ինչու պետք է ընդհանրապես պահանջվի նրա ֆիգուրը»։

ՀԱԿ-ի համակարգողը փոխանցեց, որ խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում ներկայացուցիչներ Կոնգրեսը կունենա, բայց դեռ չի քննարկվել, թե կոնկրետ որ հանձնաժողովներում:

«Բնականաբար, նաեւ հանրահավաքներ ենք անցկացնելու», - ասաց նա` դժվարանալով նշել, թե երբ կլինի դրանցից առաջինը։ «Կառավարության այս կազմավորումից հետո մենք արդեն հստակ ասելիքներ կունենանք ժողովրդին, առավել եւս, որ ինչ-որ նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որը պարզաբանման կարիք ունի», - հայտարարեց Զուրաբյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական գործունեությանը զուգահեռ նաեւ Երեւանի ավագանու աշխատանքներին Կոնգրեսի մասնակցությանը, Զուրաբյանն ասաց՝ նման հարց դեռ չեն քննարկել:

Զուրաբյանը, հիշեցնենք, չի բացառել, որ երեք տարի շարունակ բոյկոտելուց հետո նոր իրավիճակում դաշինքը կարող է նոր երիտասարդ կազմով այդ աշխատանքներին մասնակցելու հարցը քննարկել: Կոնգրեսն ավագանիում 13 մանդատ ունի: Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի եւ ՀԱԿ-ի նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանի պատգամավորներ ընտրվելուց հետո ավագանու նրանց մանդատները երեկ առաջարկվել են ցուցակի 13-րդ հորիզոնականից հետո գտնվող հաջորդ հինգ հոգուն, որոնցից երեքը Կոնգրեսից վերջերս հեռացած «Հանրապետություն» կուսակցության անդամներ Արտակ Զեյնալյանը, Նորիկ Եղիազարյանը, Լյովա Եղիազարյանն են: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն այսօր վերահաստատեց ավագանու մանդատներից հրաժարվելու՝ իրենց դիրքորոշումը, հայտարարելով, որ եթե Կոնգրեսը ավագանի մտնելու որոշում կայացնի, իրենք ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն, իսկ եթե բոյկոտի քաղաքականությունը շարունակի, կվարվեն այնպես, ինչպես Կոնգրեսը նպատակահարմար կգտնի:

«Ցուցակը ՀԱԿ դաշինքի ցուցակն է, մենք ի վերջո այդ կազմում ենք մասնակցել եւ ժողովրդին ներկայացել ենք այդ դեմքով: Եվ եթե հիմա Կոնգրեսի կազմում չենք, բնականաբար, մենք չենք տնօրինելու այդ մանդատները: Կոնգրեսն ինչպես որ հարմար գտնի մեր չմասնակցությունը, մենք կիրականացնենք մեր որոշումն այդ ձեւով. կամ ուղղակի չենք վերցնի մանդատներն ու չենք մասնակցի դրան, կամ եթե ՀԱԿ-ը ցանկանա, որ այդ մանդատներն, այնուամենայնիվ, մեր տնօրինության տակ չլինեն, մենք ինքնաբացարկի հայտարարություններ կներկայացնենք ԿԸՀ», - ասաց նա:

Զուրաբյանը ողջունեց «Հանրապետություն» կուսակցության այս դիրքորոշումը:

«Ես միայն կարող եմ ողջունել «Հանրապետություն» կուսակցության նման դիրքորոշումը:Դա շատ պարկեշտ դիրքորոշում է: Իսկապես, չմոռանանք, որ դա Հայ ազգային կոնգրես դաշինքի ստացած մանդատներն էին, եւ Կոնգրեսը պետք է որոշի [եթե նման որոշում ընդունվում է], թե ով պետք է ներկայացնի Կոնգրեսին Երեւանի ավագանիում», - ասաց Զուրաբյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG