Մատչելիության հղումներ

Հայաստանը 4-րդ անգամ մասնակցեց Կաննի կինոշուկային


Կաննի 65-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում Հայաստանը արդեն չորրորդ անգամ ներկայացել էր առանձին տաղավարով:

Այս անգամ մեր ներկայությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի բնորոշման` «խիստ յուրօրինակ էր». բազմաթիվ ծրագրեր, կինոնախագծեր են ներկայացվել, հանդիպումներ են տեղի ունեցել հեղինակավոր պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի, ֆիլմեր տարածող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Մեր տաղավարն առավոտից երեկո լի էր», - ասաց Գեւորգյանը:

Բացի Ազգային կենտրոնից, այս տարի կինոշուկայում Հայաստանը ներկայացրել են նաեւ կինոարտադրող այլ ընկերություններ:

Գեւորգյանի փոխանցմամբ` իր եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի ղեկավարի հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ կինոարտադրության հեռանկարները: Ավելին` արդեն իսկ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը համաձայնել է ֆինանսավորել հայկական երկու անավարտ կինոծրագրեր` Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» եւ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմերը:

«Ասեմ, որ հետաքրքրությունը ընդհանրապես Հայաստանի, հայկական մշակույթի, հայկական կինոյի նկատմամբ այս տարի աննախադեպ էր: Եթե նախորդ տարիներին մենք էինք փորձում շփվել ուրիշ ֆոնդերի, ստուդիաների հետ, այս տարի մենք ժամանակ չունեցանք ինքներս ինչ-որ մեկի հետ հանդիպելու, որովհետեւ ամբողջ օրերով մեր տաղավարը լեցուն էր», - հայտարարեց Գեւորգ Գեւորգյանը:

Կաննի կինոշուկային մասնակցած հայ երիտասարդ կինոգործիչներից մեկը` Արսեն Առաքելյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հույս ունի, որ մի օր էլ կմասնակցի Կաննի կինոփառատոնին, արձագանքեց. - «Բա ինչո՞ւ եմ շնչում»:

please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG