Մատչելիության հղումներ

Պայթյունի հետաքննությանը մասնակցում է նաեւ ԱԱԾ-ն


Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ:

«Քննությունը հանձնարարված է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, իսկ քննչական խմբի մեջ ընդգրկվել են ոչ միայն ոստիկանության փորձառու քննիչներ, այլ նաեւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցները», - փոխանցեց Տռուզյանը` շարունակելով. - «Այս փուլում դեռեւս վաղ է խոսել վարկածների մասին, համենայն դեպս` հրապարակել դրանք: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ եւ կատարվում են առաջնահերթ անհրաժեշտ քննչական գործողությունները: Ուղղակի վարկածների հրապարակումը հնարավոր է, որ որոշակի առումով խոչընդոտի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը»:

Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որ «Էլեկտրոն» գործարանը կենտրոնում չի անցել համապատասխան փորձաքննություն. - «Կենտրոնում գրանցված չի եղել եւ փորձաքննություն չի անցել: Օրենքի համաձայն, պարտադիր գործողություն է, որ տնտեսվարող սուբյեկտը ինքն է պարտավոր գրանցվելու: Չնայած մենք հիմա արդեն գրանցումով չենք զբաղվում: Անցյալ տարվանից գրանցումով զբաղվում է նախարարությունում ստեղծված նոր գործակալությունը: Բայց դրանից առաջ` մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 1-ն էր օրենքով սահմանված, որ բոլոր վտանգավոր օբյկետները պարտավոր էին գրանցվել եւ տարին մեկ անգամ անցնել փորձաքննություն: Որը չի արվել»:

«Եթե իրենք ռազմական կառույց են կոչվում, իրենք պարտավոր չէին մեր մոտ գրանցվելու եւ անցնելու: Ես երեկ այնտեղ համոզվեցի, որ Պաշտպանության նախարարից սկսած` տեղակալներով, բոլորը այնտեղ էին, եւ ես հասկացա, որ դա ռազմական կառույց է: Իսկ մենք ռազմական կառույցներում այդպիսի գործառույթներ կատարելու իրավունք չունենք», - հավելեց Աշոտ Պետրոսյանը:

Երեկ «Էլեկտրոն» գործարանի արտադրամասերից մեկում պայթյունի հետեւանքով երկու մարդ էր զոհվել:

Նշենք նաեւ, որ այս տարվա ապրիլին Պաշտպանության նախարարության առաջարկով եւ Կառավարության որոշմամբ 5 տարով երկարաձգվել է «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:

please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG