Մատչելիության հղումներ

«Հայաստանում խախտվում է ընտրության, ազատության եւ անկախ դատարանի իրավունքը»


ԱՄՆ -- Պետքարտուղարի տեղակալ Մայքլ Փոզները ներկայացնում է մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 24-ը մայիսի, 2012թ
ԱՄՆ -- Պետքարտուղարի տեղակալ Մայքլ Փոզները ներկայացնում է մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 24-ը մայիսի, 2012թ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հրապարակել է մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը։

Հայաստանում ոտնահարված են իշխանությունն ընտրությամբ փոխելու, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական անկախ համակարգ ունենալու` քաղաքացիների իրավունքները, ասված է զեկույցում։

Իշխանությունները 2011 թվականին ազատ են արձակել 2008 թվականի նախագահական վիճահարույց ընտրություններին հաջորդած ընդհարումներին մասնակցելու մեղադրանքով ազատազրկված վերջին վեց ընդդիմադիր գործիչներին, նշում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ապրիլի 28-ից սկսած իշխանություններն արտոնել են ընդդիմությանը ցույցեր եւ հավաքներ կազմակերպել մայրաքաղաքի նախկինում արգելված վայրերում, դրանք անցկացվել են առանց միջադեպերի, թեպետ Երեւանից դուրս ապրող ցուցարարների ժամանումը մայրաքաղաք խոչընդոտվել է, ասված է զեկույցում։

Մամուլի եւ հատկապես հեռուստատեսության աշխատանքում տակավին նկատելի էր քաղաքական բազմակարծության եւ անկողմնակալ լուսաբանման պակասը։

Իշխանություններն ապաքրեականացրել են զրպարտությունը, սակայն սահմանել են չափազանց բարձր տուգանքներ, ինչով լրագրողներին դրդել են ինքնագրաքննության։ Անցումը դեպի թվային հեռուստատեսություն հանգեցրել է բազմակարծության նվազեցման։

Դատարանները շարունակ գտնվում են գործադիր իշխանության քաղաքական ճնշման ներքո, ձեւավորված է դատական այնպիսի մշակույթ, ըստ որի` դատավորներից ակնկալում են գրեթե բոլոր գործերում մեղավոր ճանաչել կասկածյալին։

2011-ին բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան կասկածելի դեպքեր են եղել։ Սպանվել է 15 զինծառայող։ Միաժամանակ, նշվում է, որ 2010-ին ոչ մարտական պայմաններում ավելի մեծ թվով զինվորներ են սպանվել։

Զինված ուժերում շարունակվել է հրամանատարների եւ շարքայինների կողմից զինակիցներին անպատիժ հալածելու միտումը։ Ոստիկանները շարունակել են քաղաքացիներին ծեծի ենթարկել ձերբակալության եւ հարցաքննության ընթացքում։

Չի լուծվել կոռուպցիայի խնդիրը, թեպետ իշխանություններն այդ ուղղությամբ որոշակի սահմանափակ միջոցներ են ձեռնարկում։

Իշխանությունները հրապարակել են 2008 թվականի ետընտրական ընդհարումների ընթացքում 8 քաղաքացու եւ 2 զինծառայողի մահվան հանգամանքների զեկույցը, որում, սակայն, չեն նշվում մահվան դեպքերի համար պատասխանատվություն կրող անձանց անունները։

Բանտերում 2011-ին 37 մարդ է մահացել, ինչը, ըստ իշխանությունների, հիվանդությունների հետեւանք էր, որոշ դեպքերում էլ եզրակացության մեջ նշվել է ինքնասպանությունը։

13-րդ անգամ մերժվել է 2002 թվականից եթերազրկված «Ա1+»-ի` հաճախականություն ստանալու դիմումը։

2011-ի մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունել է Ընտրական նոր օրենսգիրքը, որը Վենետիկի հանձնաժողովը եւ միջազգային այլ դիտորդներ առաջընթաց են որակել։

Սակայն դա չի ցրել ընտրությունների անցկացման, ընտրական հանձնաժողովների ձեւավորման, կեղծիքների կրկնության վերաբերյալ մտավախությունները, որոնց թվում նշվել է դրսում բնակվող 500-800 հազար ընտրողների ձայները չարաշահելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG