Մատչելիության հղումներ

Արեւմտյան առաջատար փորձագետները վերլուծում են հայաստանյան հետընտրական իրավիճակը


Հայաստան - Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Երեւանի ընտրատեղամասերից մեկում
Հայաստան - Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Երեւանի ընտրատեղամասերից մեկում
Հարավային Կովկասի գծով հինգ առաջատար փորձագետներ երեկ Վաշինգտոնում՝ Հելսինկիի հանձնաժողովում, ներկայացրին իրենց գնահատականները հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունների ու միտումների վերաբերյալ, հիշեցնելով, որ հաջորդ տարի նախագահական ընտրություններ են սպասվում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում։

Անդրադառնալով մայիսի 6-ին տեղի ունեցած քվեարկությանը՝ հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծեց. - «Այստեղ, թերեւս, ամենակարեւորն այն էր, որ ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների, այս անգամ, բարեբախտաբար, բռնություններ չարձանագրվեցին»։

«Ընտրական գործընթացը բաց էր եւ բավական մրցունակ», - իր հերթին նշեց IFES միջազգային կազմակերպության Կովկասի հարցերով ծրագրի տնօրեն Էնթոնի Բոյերը, ով ի դեպ, անձամբ էր ներկա եղել եւ հետեւել խորհրդարանական ընտրություններին։

«Թերեւս սրանք ամենաթափանցիկ ընտրություններն էին երկրի պատմության մեջ»,- փաստեց IFES-ի ներկայացուցիչը՝ մանրամասնելով, - «քաղաքական ուժերը տեղեր ունեին ընտրատարածքային հանձնաժողովներում, ընտրատեղամասերում մեծաթիվ էին կուսակցությունների վստահված անձինք ու տեղական դիտորդները։ Թեեւ քվեարկության ու քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում խախտումներ են արձանագրվել, այդուամենայնիվ հարկ է փաստել, որ ընտրատարածքային հանձնաժողովների անդամների 70 տոկոսը նոր մարդիկ էին, մի բան, որը հնարավոր չէր տեսնել ետխորհրդային այլ պետություններում վերջերս տեղի ունեցած ընտրություններում»։

Փաստելով, որ արձանագրվել են մի շարք դրական միտումներ, ամերիկացի փորձագետը միաժամանակ նշեց, որ հայաստանյան ընտրական գործընթացում մի շարք խորը արմատավորված խնդիրներ կան, որոնք էլ ավելի են սրում ցինիզմն ու հիասթափությունը հասարակության շրջանում ու հավելեց․ - «Սա կապված է երկրում քաղաքական ու ընտրական մշակույթի անկման հետ, ինչի արդյունքում հասարակությունը հանդուրժում է ձայների առուծախը։ Մեկ օրում հնարավոր չէ այս խնդիրը վերացնել, սակայն եթե քաղաքական ուժերը քայլեր չձեռնարկեն այս տգեղ իրականությունը փոխելու համար, հայաստանյան ընտրությունները կմնան կասկածներ հարուցող եւ ոչ ամբողջովին լեգիտիմ»։

«Տարածաշրջանի երեք երկրներից Հայաստանը ընտրական գործընթացների զարգացման ամենաբարդ պատմությունն է ունեցել», - իր հերթին կարծիք հայտնեց Ջորջ Վաշինգտոնի համալսարանի եվրոպական, ռուսական եւ եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Քորի Վելթը։ Ներկայացնելով իր դիտարկումներն այն մասին, թե ինչ փոխեց վերջին քվեարկությունը հայաստանյան քաղաքական դաշտում, փորձագետը ասաց․ - «Իշխող կուսակցության երեք կոալիցիոն գործընկերներից երկուսը այլեւս հուսալի չեն՝ կառավարություն կազմելու համար։ Բացի այդ, երկուսից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», որը գլխավորում է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, դարձավ իշխող Հանրապետական կուսակցության լիարժեք մրցակիցը՝ վերջիվերջո ստանալով ձայների երեսուն տոկոսը։ Սա ամենամեծ ցուցանիշն է, որ արձանագրել է երկրորդ տեղը գրաված կուսակցությունը հայաստանյան խորհրդարանական պատմության մեջ»։

Այդուամենայնիվ, ըստ փորձագետի, առայժմ դժվար է ասել՝ արդյոք այս արդյունքները կարող են լավատեսություն ներշնչել ժողովրդավարության հետագա զարգացման համար։

«Ոմանց կարծիքով, իշխանության բուրգում սկսված բաժանումը՝ քաղաքական եւ տնտեսական առանձին մասերի, դրական նախապայման է, սակայն դեռեւս մի շարք պատճառներ կան թերահավատության համար», - ասում է պրոֆեսորը եւ մանրամասնում․ - «Եթե անգամ «Բարգավաճ Հայաստանը» մտնի ընդդիմադիր դաշտ, իշխող կուսակցությունը բավարար թվով ձայներ ունի առանց այդ կուսակցության կառավարություն ձեւավորելու համար։ Իսկ եթե Ծառուկյանն ինքն առաջադրվի հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում, հստակ չէ՝ արդյոք եւ որքանով նրա իշխանավարումը կտարբերվի»։

Քննարկմանը ներկա էր նաեւ իրավապաշտպան Freedom House կազմակերպության փոխնախագահ Քրիս Վոքերը, ով անկախությունից հետո՝ մինչ օրս, հետեւում է կովկասյան երեք երկրների զարգացումներին։

«Վերջին տարիներին նկատվող բարեփոխումների զուգընթաց՝ ամենակարեւոր խնդիրը, իմ կարծիքով, շարունակում է մնալ փողի եւ քաղաքականության, բիզնեսի եւ քաղաքական էլիտայի միջեւ հաստատված խորը եւ թվում է, թե անքակտելի կապը»,- ասում է ամերիկացի իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG