Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Չիկագոյի հռչակագրի նախագծի ձեւակերպումը հակասում է համանախագահների մոտեցումներին»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ժամանել է Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակից երկրների ղեկավարների հանդիպմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը Չիկագոյի հայությանն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ, մասնավորապես, ասել. - «Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության Նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ»:

«ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա», - հայտարարել է Նալբանդյանը` շարունակելով. - «Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, կարեւորել ամերիկահայության դերը հայ - ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ սփյուռքահայության ներդրումը` Հայաստանի զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG