Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը կարճեց հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարույթները


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ուրբաթ օրը որոշեց կարճել «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթները:

ՀՌԱՀ-ի վերահսկողության վարչությունը, ուսումնասիրելով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից քարոզարշավի լուսաբանումը, արձանագրել էր, որ «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների խախտել են Ընտրական օրենսգրքի պահանջները:

Ըստ հանձաժողովի վերահսկողության վարչության պետի՝ երկու հեռուստաընկերությունները «նախընտրական քարոզչական գործունեությունը լուսաբանելիս չեն ապահովել ոչ խտրական պայմաններ»:

«Կենտրոն» հեռուստաընկերության դիրքորոշումը հանձնաժողովի արձանագրության վերաբերյալ հետեւյալն էր. - «Նախընտրական քարոզարշավի լուսաբանման ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերությունը ղեկավարվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար, ոչ խտրական պայմաններ ապահովելու` ՀՌԱՀ-ի կողմից հաստատված գնահատման մեթոդաբանության սկզբունքներով»:

«Հաշվի առնելով, որ սա նոր ներդրում էր, աշխաանքի նոր ոճ էր, եւ հաշվի առնելով, որ հեռուստաընկերությունը արդեն մեկ տուգանք էլ ստացել է անցած ուրբաթ օրը մայիսի 6-ին ակնհայտ խախտման համար, որը շատ ավելի կոպիտ խախտում էր, քան թե այս անհամաչափությունը, որ հիմա մենք քննարկում ենք», - նկատեց ՀՌԱՀ անդամ Հարություն Հարությունյանը՝ խնդրելով եւ առաջարկելով հանձնաժողովի իր գործընկերներին մեղմ մոտենալ եւ հնարավորության դեպքում այլ լուծում գտնել «Կենտրոն» հեռուստաընկերության հարցում:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Կորյուն Առաքելյանը, եւս կարծում էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերության փաստարկներում կան խախտումը մեղմացնող որոշ հանգամանքներ, հետեւաբար առաջարկեց կարճել վարույթը:

«Կենտրոն»-ի ներկայացուցիչն ասաց, որ կփորձեն անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններին նման թերացումներ չլինեն:

ՀՌԱՀ-ի անդամները, բացի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից, «Կենտրոն»-ի նկատմամբ վարչական վարույթը կարճելուն կողմ քվեարկեցին: Ամալյանը ձեռնպահ էր:

Հանձնաժողովի անդամները լսեցին նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ներկայացուցչի փաստարկները: Հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավը լուսաբանելու ընթացքում տեխնիկապես դժվար է եղել լուսաբանել բոլոր ինը կուսակցությունների նախընտրական միջոցառումները, բացի այդ երբեմն հեռուստաընկերությանը տեղյակ չեն պահել այս կամ այն միջոցառման մասին:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը ասաց, որ «Երկիր Մեդիա»-ի եւ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբանությունների տրամաբանությունը նույնն է, եւ քանի որ «Կենտրոն»-ի նկատմամբ վարչական վարույթը կարճվել էր, առաջարկեց կարճել նաեւ «Երկիր Մեդիա»-ի նկատմամբ հարուցված վարույթը: Հանձնաժողովի ութ անդամները կողմ քվեարկեցին առաջարկին:

Ամալյանը, մեկնաբանելով ՀՌԱՀ-ի այսօրվա որոշումները, ասաց, որ դրանք տարօրինակ չի համարում:

«Ըստ էության, հեռուստաընկերության համար ոչ թե դրամական տույժի չափն է էական, մեր դրամական տույժերը առավելագույնը ընդամենը մեկ միլիոն դրամ են, որոնք, չեմ կարծում, որ ճակատագրական են, այլ մեր օրենսդրությունը շատ ավելի պահանջկոտ է տույժերի քանակի նկատմամբ, որովհետեւ դա կարող է նաեւ հանգեցնել լիցենզիայի դադարեցման», - ասաց Ամալյանը:

Եթե վարույթները չկարճվեին, ապա երկու հեռուստաընկերություններին օրենքով սահմանված գրավոր նախազգուշացում էր սպասվում: ՀՌԱՀ-ը նախընտրական քարոզչության վերաբերյալ այլ վարույթներ չի հարուցել:

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG