Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Կոալիցիայի հարցով դեռ վերջնական որոշում չկա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հանրապետական կուսակցությունն առայժմ կոալիցիա կազմելու խնդրի շուրջ վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը՝ հինգշաբթի ուշ երեկոյան ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո:

«Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ կլինի՞, թե՝ չէ: Կտեսնենք, քաղաքական պրոցեսներ են, ինչո՞ւ եք շտապում: Հենց որ լինի, մենք միանգամից հայտարարելու ենք: Հարցնեք էլ, չհարցնեք էլ, հայտարարելու ենք»:

«Այսինքն, վերջնական որոշում չկա՞» հարցին, նախագահը պատասխանեց. - «Իհարկե, չկա»:

Հիշեցնենք, նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ն պնդում է, որ թե քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները շարունակվում են, եւ կուսակցության գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է քաղաքական տարբեր ուժերի ղեկավարների հետ ունեցած իր հանդիպումների մասին: Անդրադառնալով այդ հանդիպումներին` ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, թե Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանից բացի, այլ ուժերի ղեկավարների հետ էլ է հանդիպել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե խոսքը կոնկրետ որ քաղաքական ուժերի մասին է: Խորհրդարան անցած ուժերից Դաշնակցությունում առայժմ ձեռնպահ են մնում ասել, թե արդյոք հանդիպումներ ունեցել են Սերժ Սարգսյանի հետ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց հետ չեն հանդիպել, եւ հանդիպման առաջարկ էլ չի եղել: Թե ինչո՞ւ մայիսի 6-ին կայացած ընտրություններից մոտ երկու շաբաթ հետո խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն չի կարողանում կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ որոշում կայացնել, փորձեցինք ճշտել ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովից:

«Պատճառն այն է, որ քննարկումները շարունակվում են», - ասաց Շարմազանովը:

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ին արդեն առաջարկել են կոալիցիա կազմել, Շարմազնաովը պատասխանեց. - «Կոալիցիայի վերաբերյալ կոնկրետ առաջարկ դժվարանում եմ ասել արվել է, թե՝ ոչ, բայց եւ այնպես տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ վարվել են հետընտրական զարգացումների հետ կապված: Կլինի կոալիցիա, թե՝ ոչ, մենք դրա մասին կարող ենք խոսել մայիսի 24-ից հետո: Եթե որեւէ հստակ բան լիներ, ես այստեղ ձեզ կներկայացնեի», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը:

«ԲՀԿ-ն դեռ չի տվե՞լ իր համաձայնությունը» հարցին Շարմազանովը պատասխանեց. - «Քննարկումները շարունակվում են: Եթե դրանք շարունակվում են, նշանակում է, որ տարբեր ուժերի մոտ, մի կենտրոնացեք միայն ԲՀԿ-ի վրա, կարող են լինել տարբեր մոտեցումներ»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ եթե այդ համաձայնությունը լինի ԲՀԿ-ի հետ, ապա քաղաքական ուժերը, որոնք առաջիկա հինգ տարիներին համագործակցելու են ՀՀԿ-ի հետ, պետք է հայտարարեն 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, Շարմազանովը այսպես արձագանքեց. - «Նախ ասեմ, որ քաղաքական ուժերը՝ այսօրվա գործող կոալիցիան հայտարարել է, որ 2013-ին պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանին: Եթե լինի նոր կոալիցիա, բնականաբար, տրամաբանական է եւ անհերքելի պետք է լինի, որ այդ բոլորը ուժերը պետք է ղեկավարվեն նույն ծրագրով: Իսկ այդ ծրագիրը իրականացնողը եւ ղեկավարը, բնականաբար, պետք է լինի մեկը: Իսկ այդ մեկը հանրապետության նախագահ եւ այն ժամանակ արդեն նախագահական ընտրությունների ամենաֆավորիտ թեկնածու Սերժ Սարգսյանն է»:

Այս խնդրին այսօր անդրադարձավ նաեւ Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Չի լինի, որ 3-4 ուժեր համախմբվում են, ասում են` ես իմ նախագահն ունեմ, ես էլ` իմը… Դա անհնար բան է, որովհետեւ կոալիցիա կազմելը նաեւ որոշակի ծրագիր է ենթադրում: Այսինքն` նախագահական ընտրությունները պիտի ընթանան համատեղ ուժերով: Դա ամենակենտրոնական խնդիրներից մեկն է», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Սահակյանը:

ՀՀԿ-ի գործադիր մարմնի երեկվա նիստին ներկա չէր Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գալուստ Սահակյանը հորդորեց չքաղաքականցնել այդ բացակայությունը` ասելով, թե Աբրահամյանը վատառողջ է:

«Կարծում եմ, օրեր հետո աշխատանքի կգա, եւ դուք կկարողանաք հարցն ուղղել իրեն: Իրականում հիվանդ է», - ասաց Սահակյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG