Մատչելիության հղումներ

ELDR-ը առաջընթաց է արձանագրել հայաստանյան ընտրություններում


ELDR-ի նախագահ Գրահամ Ուաթսըն
ELDR-ի նախագահ Գրահամ Ուաթսըն
Հայոց համազգային շարժում կուսակցության հրավերով մայիսի 11-ից 12-ը Հայաստանում անցկացվում է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության (ELDR) տարեկան նիստը։

ELDR կուսակցության մեջ են մտնում Եվրոպայի 37 երկրների 54 կուսակցություններ, այդ թվում՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցությունը։

Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը, որն իր ունեցած մանդատների քանակով Եվրամիության խորհրդարանում երրորդ խոշոր խմբակցությունն է, իր տարեկան նիստում քննարկվելու է նաեւ հայաստանյան ընտրությունների հարցը։

ELDR-ի նախագահ Գրահամ Ուաթսընը այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ անցած խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, թեեւ «ավելի լավն էին, քան նախորդը, սակայն դեռ շատ անելիքներ կան»:

«Բայց թույլ տվեք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Դե գիտեք… արագ հօդս ցնդող թանաքների մասին, եղել են համայնքներ, ուր, պարզվում է, քվեարկել է բնակչության 102 տոկոսը, սրանք բոլորը մտահոգությունների առարկա են», - նշեց Գրահամ Ուաթսընը, ում գլխավորած ELDR-ը իր կողմից մոնիթորինգի է ենթարկել հայաստանյան խորհրդարանական ընտրությունները:

«Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, սակայն պետք է մի քիչ ավելի արագ շարժվել», - նաեւ ասաց Ուաթսընը՝ հավելելով․ - «Եթե հայացք նետեք սեւծովյան տարածաշրջանին, կտեսնեք այնպիսի երկրներ` Բուլղարիա, Ռումինիա, որոնք մի քանի տարի առաջ ազատությունից զուրկ էին, բայց այժմ` նրանք վայելում են ազատության զգալի չափաբաժին: Հույս ունեմ, որ մի քանի տարուց Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրները մենք կդասենք նույն կատեգորիայի երկրների շարքում»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով նաեւ հայ-թուրքական հարաբերությունները՝ Գրահամ Ուաթսընը մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առաջընթացի բացակայությամբ։

«Մենք` Եվրոպայի լիբերալներս, որեւէ խնդիր չունենք ցեղասպանություն բառը օգտագործել` նկարագրելու այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցյալում: Մենք նաեւ միասին աշխատում ենք Թուրքիայի [իշխող] Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ` արագացնելու պատմաբանների կողմից պատմությունը վերանայելու գործընթացը: Բայց եթե դուք համեմատեք ներկայիս Թուրքիան` տասը տարի առաջվա Թուրքիայի հետ, դուք հսկայական առաջընթաց կտեսնեք», - այս առնչությամբ ասաց Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության նախագահը։

please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG