Մատչելիության հղումներ

Մայիսի 10-ի մամուլ


«Ժողովուրդ»-ը գրում է. - «Ներքաղաքական հիմնական ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ - ԲՀԿ հարաբերությունների ապագան։ Հաջորդ տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում հաղթելու գնահատականին են ուղղված այսօր ընթացող բոլոր ներքաղաքական զարգացումները` սկսած դեռեւս Հանրապետականի նախընտրական քարոզչությունից, որը միայնակ անցկացրեց Սերժ Սարգսյանը։ Իսկ ընտրությունների նախօրեին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը հանրապետականներին է՛լ ավելի լարվելու տեղիք տվեց, քանի որ նա նորից առկախ թողեց իր` նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը, միեւնույն ժամանակ բավականին թափանցիկ ակնարկելով դրա հավանականության մեծացման մասին»։ «Եվ այս իրավիճակում Հանրապետականը ստիպված է ավելացնել իր դաշնակիցների թիվը` ընտրելով հնարավոր տարբերակներից մեկը, հակառակ դեպքում ի դեմս ԲՀԿ - ՀՅԴ - ՀԱԿ եռյակի գալիք խորհրդարանում ՀՀԿ - ՕԵԿ երկյակին կարող է սպասել լուրջ եւ վտանգավոր քաղաքական հետեւանքներով լի մրցակցություն»։

«Ժամանակ»-ը վերլուծում է. - «Ընդդիմությունները Հայաստանում պարտվել են միշտ, բայց այս հերթական պարտությունը կարծես թե փակեց ցիկլը, որովհետեւ Հայաստանում, ըստ էության, այլեւս չմնաց չպարտված ընդդիմություն։ Եվ այստեղ է Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացման առանցքային բանալիներից մեկը։ Այսինքն` Հայաստանը ունի պարտված ընդդիմություններից ու ընդհանրապես ընդդիմադիր պարտության սինդրոմից ազատվելու անհրաժեշտություն։ Դրան զուգահեռ, անհրաժեշտ է ձեւավորել նոր ընդդիմադիր դաշտ, որը զերծ լինելով այդ սինդրոմից, նաեւ կկարողանա գտնել հաղթանակի բանաձեւը»։

«Ընտրությունները եւ Սահմանադրությունը Հայաստանի ներկայիս քաղաքացիների մեծ մասի համար չափից դուրս վերացական կատեգորիաներ են», - ընդհանրացնում է «Առավոտ»-ի խմբագրականն ու շարունակում. - «Կա կենցաղային մակարդակով «ճշտի» ընկալում, կան բարեկամական կամ թշնամական տոհմերի փոխհարաբերություններ, կա «ժողովրդի մասին մտածող» բարերար, հայր կամ թագավոր, եւ կան ժողովրդի մասին չմտածող չինովնիկներ, որոնց առերես քծնում են, հետեւից հայհոյում են, իսկ հոգու խորքում երազում են գրավել նրանց տեղը: Այդպիսի քաղաքացիները հանգիստ կարող են 10000 դրամը վերցնել, քվեարկել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին, իսկ հետո գնալ հանրահավաքի եւ անեծքներ թափել «ժողովրդի մասին չմտածող» իշխանության գլխին: Ելքը քաղաքացիներին կրթելն ու լուսավորելն է: Ոչ թե ղժղժան, ամբոխավարական ճառերով, այլ նախեւառաջ՝ սեփական օրինակով: Եթե բոլորը քո շուրջը նախրի պես վազում են կարմիր լույսի տակ, պետք չէ գլխիկոր միանալ այդ նախրին. ավելի ցանկալի է համբերատար սպասել կանաչ լույսին: Թող որ քո վարքը տարօրինակ թվա: Գյումրիում մեծամասնականով պարտված թեկնածուն շնորհավորեց իր հաղթած մրցակցին: Որքան գիտեմ, դա մեր 20-ամյա պատմության մեջ առաջին դեպքն է: Վստահ եմ, որ այդ ընտրատարածքում նույնպես եղել են բազմաթիվ խախտումներ: Բայց այդ շնորհավորանքը նոր մշակույթի փոքրիկ սաղմ է: Որովհետեւ սահմանադրական կարգը եւ ժողովրդավարությունը նախեւառաջ մշակույթ են»:

Հաղթողին շնորհավորելու թեման է շոշափվում նաեւ «Հայոց Աշխարհ» թերթում. - «Միակ «աննախադեպ» իրադարձային հանգրվանը, որ կարող էր ոսկե տառերով գրվել նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ա՛յն կլիներ, որ նախապես «պլանավորված» եւ «հայտարարագրված» ցուցանիշները թերակատարած քաղաքական ուժերը քաջություն ունենային ընդունելու սեփական պարտությունը եւ շնորհավորելու հաղթողին: Ավաղ, ունենք այն, ինչ ունենք. ընդդիմությունը նախընտրեց գնալ տրորված ճանապարհով՝ անհաջողությունն իր մեջ փնտրելու փոխարեն սկսեց քավության նոխազներ որոնել ի դեմս իշխանությունների»։

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ հայկական իշխող էլիտան՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում նշում էր Մայիսի 9-ը: Հաղթանակի տոնն այս տարի համընկավ խորհրդարանական ընտրությունների ավարտի հետ: Դեռեւս ընտրությունների վերջնական արդյունքները չեն հրապարակվել, սակայն մեր իշխանությունը հաղթական տրամադրություն ունի: Սա այն եզակի օրերից է նաեւ, երբ հանդիպում են ժողովուրդն ու իշխանությունը, ներկա եւ նախկին իշխանությունը: Օրեր առաջ իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե գործող իշխանության հետ շփումներ չունի: Երեկ այդ «շփումը», փաստորեն, կայացել է Ստեփանակերտում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG