Մատչելիության հղումներ

«Սա ավելի շուտ ազդանշան է միգրացիոն քաղաքականության խստացման»


Ռուսաստան - Ղրղըզ միգրանտները Կրասնոդարում, մարտ, 2012թ.
Ռուսաստան - Ղրղըզ միգրանտները Կրասնոդարում, մարտ, 2012թ.
Ռուսաստանի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Վլադիմիր Պուտինի ստորագրած առաջին փաստաթղթերից է ազգամիջյան համաձայնությունն ապահովելու մասին հրամանագիրը։

Հրամանագրում նշվում է, որ ազգամիջյան հարաբերությունները բարելավելու, Ռուսաստանի Դաշնության բազմազգ ժողովրդի միասնականությունը ապահովելու համար որոշակի քայլեր պետք է ձեռնարկել, այդ թվում եւ` աշխատանքային միգրանտների համար ռուսերենի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության վերաբերյալ պարտադիր քննություն մտցնել, տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Ըստ հրամանագրի` այս քննությունն անցնելու կարիք չեն ունենա միայն բարձր որակավորմամբ մասնագետները:

Փաստաթղթի համաձայն` միգրատների համար այս քննությունը պետք է մտցվի մինչեւ 2012 թվականի նոյեմբեր:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ աշխատանքային միգրանտների նկատմամբ քաղաքականությունը է՛լ ավելի կխստացվի», - այս հարցին «Օբշչեստվեննիյ վերդիկտ» ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նատալիա Տաուբինան պատասխանել է. - «Իմ կարծիքով, բավական տարօրինակ հրամանագիր է, քանի որ ավելի շուտ գործատուի խնդիրն է` որոշել` պե՞տք է իրեն աշխատող ռուսերենի իմացությամբ, թե՞` ոչ, իսկ պարտադիր ռուսերենի քննությունը Ռուսաստանում աշխատելու համար տարօրինակ է, հատկապես յուրաքանչյուր աշխատանքի համար, եւ իմ տեսակետից` սա ավելի շուտ ազդանշան է միգրացիոն քաղաքականությունում որոշակի խստացման»:

Բացի այդ, Նատալիա Տաուբինայի համար անհասկանալի է նախագահության առաջին իսկ օրը նման հրամանագիր ստորագրելը` ռուսերենի իմացությունը կամ չիմացությունը, ըստ նրա, ամենահրատապ հարցը չէ այսօր. - «Իմ կարծիքով, դրանից չէ, որ պետք էր սկսել, եւ աշխատանքային միգրատների` ռուսերենի իմացության կամ չիմացության հարցը ամենաառանքային խնդիրը չէ եւ չի ազդում աշխատանքային հնարավորությունների եւ աշխատաշուկայի վրա»:

Ռուսաստանում ապօրինի աշխատանքային միգրանտների հարցը բավական սուր է` դա փաստում են թե՛ փորձագետները, թե՛ իշխանությունները։ Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով` անօրինական միգրանտների թիվը 5 միլիոն է, անկախ փորձագետների կարծիքով` կրկնակի շատ:

Նատալիա Տաուբինան կարծում է` այս իրավիճակի պատճառը այն չէ, որ միգրանտները խուսափում են օրինական գրանցումից, այլ գործընթացն այնպիսին է, որ հաճախ շատ բարդ է օրինական դաշտ դուրս գալը:

Այժմ «Միգրացիա, 21-րդ դար» հիմնադրամը օրինագիծ է պատրաստում ոչ օրինական աշխատանքային միգրանտների այսպես կոչված համաներում անցկացնելու մասին, որը կառավարությանը կներկայացվի արդեն կես տարի անց: Այդ համաներման իմաստն այն է, որ ժամկետանց փաստաթղթերով միգրանտները ներկայանան հաշվառման եւ այլ խախտումներ չունենալու դեպքում ստանան օրինական կարգավիճակ:

Միգրացիոն դաշնային ծառայությունը նպատակահարմար չի համարում նման համաներման անցկացումը` նշելով, թե գոյություն ունի միգրացիոն քաղաքականություն, որի շրջանակներում էլ ամեն ինչ կարգավորվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG