Մատչելիության հղումներ

Ընտրությունները ակտիվորեն վերահսկում էին նաեւ քաղաքացիները


Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թերեւս առաջինն էին, որոնց նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն կար հենց ցանցային ակտիվիստների կողմից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին տեղեկատվական անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը եւ Տիգրան Քոչարյանը:

«Այս ընտրությունների ժամանակ հասարակ քաղաքացին իր բջջային հեռախոսով արդեն վերահսկող դեր էր կատարում: Հենց որ մարդը ինչ-որ բան էր տեսնում, անմիջապես նկարում-արձանագրում էր եւ այդպիսի նյութերի բավականին մեծ հոսք կար», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ հատկապես iditord.am կայքում, որը ստեղծվել էր ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վերահսկողություն եւ ընտրախախտումների վերաբերյալ քաղաքացիների դիտարկումները տեղադրելու համար, բազմաթիվ ահազանգեր եւ ընտրությունների վերաբերյալ դիտարկումներ են զետեղվել: Մինչեւ այժմ կայքում գրանցվել է 1040 հաղորդագրություն: Ընտրակաշառքի եւ ճնշումների մասին 285, լցոնման, այլ անձանց փոխարեն քվեարկության, կեղծ քվեաթերթիկների եւ ձայների սխալ հաշվարկման 65 դեպք եւ այլն:

Երեկ ակտիվ էին նաեւ սոցիալական ցանցերում գրանցված քաղաքացիները, հատկապես Հայաստանում ակտիվորեն օգտագործվող Facebook սոցցանցում:

Բայց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ քաղաքացիների նման ակտիվությունը զգացվել է վերջին երկու-երեք ամիսների ընթացքում եւ մեծամասամբ մայրաքաղաքում, իսկ հեռավոր գյուղերի եւ մարզերի բնակիչները մնացին աննկատ:

«Իմ կարծիքով այս նույն քաղաքացիական հասարակությունը մինչեւ մյուս ընտրությունները պիտի զարգանա: Այսինքն վերջին երկու-երեք ամսվա մեջ արթնացնել այդ քաղաքացիական հասարակությանը մի քիչ դժվար է», - նշեց Տիգրան Քոչարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG