Մատչելիության հղումներ

Օլանդը հաղթեց Սարկոզիին


Այսօր Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ 1988 թվականից հետո առաջին անգամ, հաղթանակ է գրանցել Սոցիալիստական կուսակցության թեկնածուն՝ Ֆրանսուա Օլանդը։

Ընտրատեղամասերի փակումից քիչ անց հրապարակված նախնական արդյունքների համաձայն, նրան ձայն է տվել ընտրողների շուրջ 52 տոկոսը: Պահպանողական, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ստացել է քվեների 48 տոկսոը։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ Օլանդի հաղթանակը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի հանգուցալուծման, տնտեսական զարգացման եւ անգամ Աֆղանստանից ֆրանսիացի զինվորների դուրսբերման վրա։ Նախընտրական շրջանում Օլանդը խոստանում էր պայքարել Ֆրանսիայում օրըստօրե աճող գործազրկության դեմ, կրճատել բյուջեի պակասորդը, նոր հարկեր սահմանել խոշոր ընկերությունների եւ այն քաղաքացիների համար, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է մեկ միլիոն եվրոյի սահմանը։

Նախնական արդյունքների հրապարակումից ժամեր առաջ արդեն սոցիալիստները բազմահազարանոց հանրահավաք են անցկացրել կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ՝ շնորհավորելով իրենց առաջնորդին։

Նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Նիկոլա Սարկոզին, ով հավաստիացրել է, թե չնայած պարտությանը՝ իր կուսակցությունը կշարունակի համախմբված մնալ, սակայն ինքը չի առաջնորդի այն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

1981 թվականից ի վեր սա Ֆրանսիայում գրանված առաջին նախագահական ընտրությունն էր, որտեղ գործող նախագահը պարտություն կրեց՝ պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, երկու թեկնածուներն էլ աջակցություն էին հայտնել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծին, ինչպես նաեւ դեմ արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG