Մատչելիության հղումներ

Զոհրաբյանը ահազանգում է. Գյումրիի քաղաքապետի որդին խոչընդոտում է տեսախցիկների տեղադրմանը


ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կենտրոնական նախընտրական շտաբի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր առավոտյան հայտարարեց, թե Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր կողմնակիցների հետ խոչընդոտում է ԲՀԿ-ի վստահված անձանց գործունեությունը:

«Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական առաջադրված է մեր թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ինչպես փոխանցում են մեր պատասխանատուները, անձամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին մտնում է ընտրատեղամասեր եւ իր շայկաների միջոցով անձամբ ուղղակիորեն խոչընդոտում է տեսախցիկների տեղադրումը, գիտեք, որ ԲՀԿ-ն բոլոր ընտրատեղամասերում տեղադրում է տեսախցիկներ», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Լրագրողներին սպառնում են, ահաբեկում են եւ ուղղակիորեն բռնի ուժով դուրս են հրավիրում տեղամասերից: Ժամը ութից սկսվել է այս կերպ: Աղաղակող օրինախախտումներ են, չի կարելի. գոնե մի անգամ մեր երկրում պիտի նորմալ ընտրություն կատարվի: Ո՞վ է պատասխան տալու հետեւանքների համար»:

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակից Սաթենիկ Վանցյանը Գյումրիի քաղաքապետից մեկնաբանություններ է խնդրել Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ կապված:

«Ճիշտն ասած, հերթական սարքովի հարցերն են, որ պիտի անպայման առնչվեն մեր ազգանունի հետ, եւ ես տեսնում եմ, որ նմանատիպ բաներ չկան: Դա հերթական սարքած, պատվիրված գործունեությունն է, որ ծավալում են: Նմանատիպ բաներ չկան, խնդրեմ, կարող եք պտտվել եւ տեսնել», - ասաց Վարդան Ղուկասյանը:

Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ բազմաթիվ ընտրատարածքներից ահազանգեր են ստացվում ընտրողների անձնագրերում քվեարկությունը փաստող կնիքների թանաքի` նախատեսված 12 ժամից շատ ավելի վաղ օքսիդանալու մասին։ «Բարգավաճ Հայաստան»-ը այդ փաստերի վրա է հրավիրել միջազգային դիտորդների ուշադրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG