Մատչելիության հղումներ

Դրոշմակնիքների հարցով ահազանգում է «Ժառանգություն»-ը


«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը առավոտից ահազանգեր է ստացել ընտրատեղամասերից՝ քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ անհետանալու մասին:

Այս ահազանգերը փոխանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է, եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: «Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովների` «Ժառանգության» տեղերով նշանակված անդամներից եւ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 10:30-ի դրությամբ շարունակում են ահազանգեր ստացվել, որ նույն խնդիրը դեռ մնում է չլուծված, թեեւ թափահարելուց հետո թանաքը դրոշմակնքված անձնագրերից անհետանում է մեկ ժամվա ընթացքում», - ասված է նախընտրական շտաբի հայտարարությունում։

«Ստեղծված իրավիճակում, երբ օրենքի պահանջի կատարումը դարձել է անհնարին, միակ լուծումը ցնդող թանաքների անհապաղ փոխարինումն է սովորական թանաքներով: Այլապես կրկնակի քվեարկության կանխումը, որի ապահովմանն է միտված օրենքի՝ անձնագրերի վերջին էջը դրոշմակնքելուն վերաբերող համապատասխան դրույթը, անհամեմատ կբարդանա, ինչը կստվերի ընտրությունների օրինականությունը», - հայտարարել է «Ժառանգության» նախընտրական շտաբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG