Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հանուն մեր ամբողջական ժառանգության քվեարկեցի»


Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրատեղամասում, Երեւան, 6-ը մայիսի, 2012թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրատեղամասում, Երեւան, 6-ը մայիսի, 2012թ.
Առավոտյան Նորք-Մարաշում` թիվ 10/06 ընտրատեղամասում քվեարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հանուն մեր ամբողջական ժառանգության, թե՛ անցյալի եւ թե՛ հատկապես ապագայի համար քվեարկեցի», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ մեր հայրենիքին, Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի քաղաքացուն», - ասաց նա։

Ընտրությունների ընթացքին գնահատական «Ժառանգության» առաջնորդը չցանկացավ տալ, ասաց` վաղն են ամփոփելու արդյունքները. - «Մինչ այդ, ես վստահ եմ, որ բոլորս միասին վաղը զարթնելու ենք բոլորովին նոր Հայաստանում։ Մինչ այդ շտաբը պարբերաբար իր տեսակետը կհայտնի խախտումների մասին, այլ գնահատականներ, ես ինքս հանդես կգամ վաղը երեկոյան` համալիր իմ գնահատականով»

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս են տեր կանգնելու իրենց ձայներին, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ժողովո՛ւրդը տեր է կանգնելու, եւ մենք միասին ենք լինելու»։

Եթե ընտրություններն արդար անցնեն` արդյունքների չբավարարման խնդիր «Ժառանգություն»-ում չկա, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Եթե ինքը ընտրությունը ժողովրդավարական, ազատ, արդար եղավ` սահմանադրական ընտրություն, 20 տարվա ընթացքում առաջին անգամ, անկախ արդյունքներից` մենք կճանաչենք, շնորհավորանքը կուղղենք եւ կստանանք, կընդունենք», - ընդգծեց նա` հավելելով. - «Իսկ եթե ոչ` մեզ կգտնեք, ինչպես միշտ, որտեղ կա հայ ժողովուրդ եւ Հայաստանի քաղաքացու շահ, իրավունք եւ պահանջ` այնտեղ, անգամ` հրապարակում»։

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է կոալիցիա կազմելը Հանրապետական կուսակցության հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ժառանգության» միակ դաշնակիցը Հայաստանի ժողովուրդն է, եւ մենք ժողովրդի հետ կազմելու ենք մեծամասնություն»։

Թիվ 10 ընտրատարածքում «Ժառանգություն»-ը մեծամասնական թեկնածու չի առաջադրել. այստեղ պայքարում են Գարեգին Նուշիկյանը, ում սատարում է Հանրապետական կուսակցությունը, եւ Սարիբեկ Սուքիասյանը, ում էլ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն է սատարում։ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, թե երկուսն էլ շատ լավ թեկնածուներ են, ինքն էլ քվեարկել է խղճի մտոք:

please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG