Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն «այլ դասավորումներով» խորհրդարան է ակնկալում


Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանի համոզմամբ` եթե առաջիկա կիրակի կայանալիք ընտրություններն անցնեն ազատ ու արդար, ապա իշխող հանրապետական կուսակցությունը «խորհրդարանում տեղ զբաղեցնելու խնդիր կունենա»:

Շահբազյանը նաեւ կարծում է, որ նոր խորհրդարանը քաղաքական այլ դասավարորումներ կունենա, կլինի ավելի հետաքրքիր, իսկ նոր ձեւավորվող կառավարությունն առավել հաշվետու կլինի խորհրդարանին:

«Իմ կարծիքով, լինելու է ավելի հետաքրքիր խորհրդարան այն իմաստով, որ իշխանության այդ մեծ ցանկությունը` ունենալ բացարձակ ձայն, որպեսզի հանգիստ լինի եւ անի ինչ ուզում է, կարծում եմ, որ չի իրականանալու», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Շահբազյանը:

Այդուհանդերձ, քարոզարշավի ժամանակ վարչական լծակների օգտագործման ու ընտրակաշառքների բաժանման պարագայում Դաշնակցության ներկայացուցիչը արդեն դժվարանում է կռահել, թե ինչպիսի ընտրություններ կլինեն:

Անդրադառնալով իշխող Հանրապետական կուսակցության խոստմանը` այս ընտրություններն անցկացնել ազատ ու արդար` Շահբազյանն ասաց. - «Խոստանալը մեկ բան է, անելը մեկ ուրիշ բան… Երբ զանգվածաբար կաշառք է բաժանվում բնամթերքի կամ գումարի տեսքով… Սրանք որքանով կազդեն ընտրությունների վրա եւ որքանով կփոխեն պատկերը, իհարկե, այսօր դժվար է ասել, որովհետեւ անգամ երբ դու կարողանում ես հավաքել քո թիվը, բայց ուռճացվում են թվեր, ուռճացվում է ընդհանուր պատկերը, քո տոկոսը սկսում է ընկնել»:

«Վերջին օրերին հատկապես տոտալ այդ ընտրակաշառք բաժանելու գործընթացը սկսվել է, եւ նույնիսկ այսպիսի արտառոց երեւույթ կա, երբ մեկ քաղաքական ուժը ընտրակաշառք է բաժանում մեկ այլ քաղաքական ուժի համար` իր հետեւից ականջից բռնած խորհրդարան բերելու համար», - ասաց նա` հավելելով, որ առայժմ չի ուզում հրապարակել ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերի անունները:

Այսուհանդերձ, Դաշնակցությունը նոր խորհրդարան անցնելու դեպքում կհամագործակցի բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք սկզբունքորեն կփորձեն աշխատել երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG