Մատչելիության հղումներ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին գործարարների հետ


ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին գործարարների հետ
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00
Ռազմիկ Դարբինյանը Երեւանի մսի կոմբինատի գլխավոր տնօրենն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ անդամ գործարարը նշեց, որ հիմնական խնդիրների շարքում ոչ միայն բարձր հարկերն ու վարկերն են, այլեւ համատարած բյուրոկրատական քաշքշուկը. - «Մի թղթի համար մի տասը տեղ պիտի գնաս: «Մի պատուհանը» չի գործում»:

Բիզնեսի կառավարման ոլորտում VIVAT խորհրդատվական ընկերություն գործադիր տնօրեն Արթուր Խաչատրյանն ամենամեծ խնդիրը համարում է միջավայրի անկանխատեսելիությունն ու անորոշությունը, ինչպես նաեւ հարկային բեռը: Նրա խոսքով` բիզնեսի աջակցության մասին կառավարության գործողությունները թղթի վրա են մնում:

«Օրենքները, գերատեսչական որոշումները, որոնք ազդեցություն ունեն բիզնեսի վրա, շատ հաճախ փոփոխվում են: Դա կարող է լինի ամենաբարձր մակարդակի օրենքի փոփոխություն, եւ դա կարող է լինի ուղղակի հարկային հաշվետվության ներկայացման ձեւաթղթի փոփոխություն, բայց այդ ամեն ինչը բերում են լրացուցիչ անորոշություն բիզնես միջավայրի մեջ, ինչն է’լ ավելի է մեծացնում ռիսկը, որ իր վրա կլանում է բիզնեսը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ` իր ծառայություններից օգտվող գործարարները բողոքում են կոռուպցիայից եւ խտրական վերաբերմունքից. - «Հարկային բեռը շատ է եւ անարդար է բաշխված… Նաեւ խոսում են կոռուպցիայի մակարդակից, որ չափազանց մեծ է, որը դրսեւորվում է հենց այդ հարկային եւ մաքսային բեռի անհավասարաչափ բաշխման մեջ: Բավական մեծ դժգոհություն կա ֆինանսների առկայությունից: Կարճ ասած` թանկ է. մինչեւ 24 տոկոս վարկ կարող է լինել: Վարկ ստանալը բավականին բարդացված պրոցեդուրա է»:

Խորհրդատվական ընկերության ղեկավարը Դաշնակցության համակիրն է: Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից իրեն դուր է եկել Դաշնակցության ծրագիրը` հատկապես այն դրույթները, որոնք առնչվում են բիզնեսի վարկավորմանն ու արտահանման խրախուսմանը:

Դաշնակցության ներկայացուցիչները գործարարների հետ հանդիպմանը անդրադարձան նաեւ այդ դրույթներին:

Կուսակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը նշեց, որ հարկավոր է ստեղծել տնտեսության այլ մոդել, որը զարկ կտա տեղական արտադրանքին ու դրա արտահանմանը: Դաշնակցականները նաեւ մտադիր են վարկավորման տեսքով խթանել տնտեսության տարբեր ոլորտները:

Նռանյանն ասաց, թե թյուր կարծիք է, որ իրենց նախընտրական ծրագիրը գումար ծախսելու ծրագիր է. - «Բոլոր նրանց, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Դաշնակցության ծրագիրը, ըստ էության, պաշտպանում են կառավարության կողմից վարվող քաղաքականությունը եւ, ըստ էության, արդարացնում են քաղաքացիների արտագաղթը»:

Դաշնակցությունը մտադիր է արտասահմանյան ընկերությունների բերել Հայաստան: Նռանյանի գնահատականներով, 1990-ականներից հետո իշխանությունների կողմից անբարենպաստ միջավայր ստեղծելու պատճառով Հայաստանը դրսից ներդրումներ չի ունեցել:

Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ տնտեսության անմխիթար վիճակը պետք է փոխվի հիմնովին` «գլխիվար, հեղափոխական ճանապարհով»:

Դաշնակցությունն իրատեսական է համարում պետական բոյւջեի եռապատկումը, առնվազն 200 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը, համախառն ներքին արդյունքի կրկնապատկումը:

please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG