Մատչելիության հղումներ

Մայիսի 3-ի մամուլ


«168 ժամ»-ը գրում է. - «Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ արդեն կարելի է արձանագրել, որ այն ընթացավ ավանդական, հայկական ընտրարշավներին բնորոշ մթնոլորտում ու մեթոդներով։ Այս քարոզարշավի, թերեւս, ամենադրական փոփոխությունը հեռուստաեթերի համեմատաբար բաց եւ հավասար հնարավորությունն էր բոլոր քաղաքական ուժերի համար: Ինչպես եւ նախորդ ընտրություններում, այս քարոզարշավի հիմնական թեման եւս ընտրակեղծիքները, ընտրակաշառքներն ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտությունն էր: Այսինքն՝ հերթական անգամ ընտրությունների ենք գնում այն զգացողությամբ, որ դրանք կեղծվելու են: Այդ մասին այնքան է խոսվել, որ մարդիկ ենթագիտակցորեն համակերպվել են եւ ընտրակեղծիքներին ու ընտրակաշառքին վերաբերվում են՝ որպես անխուսափելի երեւույթի»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ընտրությունների քարոզարշավն, ըստ էության, միակ առիթն է, որը երեւանաբնակներին մղում է դեպի մարզեր: Այսինքն՝ գյուղը հիշում են այն ժամանակ, երբ գյուղացու քվեն իրենց պետք է: Եվ սկսվում է «առաքյալների» հոսքը դեպի գյուղ: Ով ասես որ այս օրերին չի հայտնվում գյուղական անհրապույր ու կիսաքանդ ճանապարհներին՝ սկսած երկրի նախագահից, վերջացրած աշխարհին «բենթլիների» ու «լեքսուսների» պատուհանից նայող օլիգարխներով եւ ասֆալտի վրա մեծացած ինտելիգենտիկներով: Նրանք բոլորը, գյուղացու դարդով տապակվողի դեմքով, գնում են մարզեր, խեղճ գյուղացու ուղեղը լվանում իրենց անմիտ ճառերով ու անիրականանալի խոստումներով, երբեմն անգամ լսում նրա դարդն ու ցավը եւ վերադառնում մայրաքաղաք: Բայց գյուղ գնացողների այս բանակը, մեզ հասած լուրերով, այս անգամ ցնցված է վերադառնում գյուղերից: Տարբեր ճամբարներում գտնվող անձանցից շարունակ լսում ենք, որ գյուղն ու գյուղացին այնքան աղետալի վիճակում են, այնքան չքավոր ու խեղճ, այնքան կոտրված ու անհույս, որ անգամ մայրաքաղաքաբնակների այս անտարբեր բազմության զգացմունքներն են շարժել»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ընտրակաշառքը միայն փողի տեսքով չէ` բակի վերանորոգում է, առվի մաքրում է, ասֆալտապատում է, այն, ինչ պարտավոր են անել մեր տեղական իշխանությունները եւ անում են միայն ընտրությունից ընտրություն` մեզ հրամցնելով որպես բարի կամք: Պարտավո՞ր ենք ընտրել մեր բակը բարեկարգողին: Ո՛չ: Պատգամավորական մանդատը ԺԷԿ-ի պետի աթոռ չէ: Ցավոք, ընտրակաշառքը դարձել է արդեն գրեթե օրինական ուժի մեջ մտած աղտ, չգրված, բայց հաստատապես գործող օրենք: Ընտրակաշառքը մարդկանց մեջ արդեն ուզվորի հոգեբանություն է մտցրել, ուզում ենք, ամեն տեղից, կարեւոր չէ, թե ինչքան: Վերցնում ենք բոլորից` հստակ իմանալով, որ ձայնը մեկն է: Կա՞, արդյոք, կուսակցություն, որին պետք է բարոյազրկված, 5 հազարներով իրեն ծախող ընտրող: Ոչ միայն նման ընտրող, այլեւ նման քաղաքացի էլ պետք չէ: Այսօր ձայնն է վաճառում, վաղը կվաճառի նաեւ հայրենիքը, բոլորիս` առաջին իսկ գնորդին»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ես ստացա իմ՝ «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն` «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաեւ իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից, եկել է մեկ այլ ծանուցում՝ Մարի Գեւորգյան Վրեժի անունով, որին ես պատիվ չունեմ ճանաչելու։ Շուրջ 5 տարի իմ տան միակ սեփականատերը լինելով` հավատացնում եմ ձեզ, որ իմ տանը ոչ մի Մարի չի բնակվում եւ գրանցված չի: Հետաքրքիր է, ինչպե՞ս է նա հայտնվել ընտրողների ցուցակում: Երեք շաբաթ քաղաքական ուժերը եւ ոստիկանությունը հավատացնում են մեզ, որ գնում են տնետուն, ստուգում են եւ մաքրում ցուցակները: Իրականում գնալով համոզվում եմ, որ նրանք բոլորը ծույլիկ են եւ ուժեղ են միայն խոսակցական ժանրում: Գուցե նրանք հույսները դրել են քաղաքացիների՞ վրա, որոնք ոչ միայն կփնտրեն իրենց անունը համապատասխան ցուցակում` համոզվելու համար, որ իրենք կան ընտրացուցակում, այլեւ կուսումնասիրեն, թե ովքեր են գրանցված իրենց հասցեում: Բայց չէ՞ որ դա ոչ թե քաղաքացիների շահախնդրությունն է, այլ քաղաքական ուժերի կամ «արդար ընտրություններ» խոստացող իշխանությունների, մասնավորապես՝ ոստիկանության»:

please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG