Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սպառնում է փոխել արեւմտամետ դիրքորոշումը


Ադրբեջանը սպառնում է փոխել իր արեւմտամետ դիրքորոշումը եւ միանալ նոր դաշինքների` եթե առավել մեծ աջակցություն չստանա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

«Բլումբերգ» գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը։

«Ադրբեջանն ուզում է, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ Ղարաբաղի հարակից ադրբեջանական տարածքներից հայկական ուժերը դուրս բերելու համար։ Մենք աջակցություն ենք ակնկալում արեւմուտքից Ղարաբաղի հարցում», - ասել է Մամեդովը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այժմ պաշտոնական Բաքուն անդամակցության հրավեր է ստացել այլ քաղաքական դաշինքից։

Թե որ դաշինքի կամ երկրների մասին է խոսքը՝ Մամեդովը չի հստակեցրել, սակայն նշել է, որ Բաքուն կարող է առաջիկայում լրջորեն քննարկել դրանց միանալու հնարավորությունը։

«Մենք դեռեւս ուշադրություն չենք դարձնում այդօրինակ առաջարկներին, սակայն եթե ամեն ինչ այսպես շարունակվի, գուցե դիտարկենք այդ հարցը 5 կամ 10 տարի անց», - ասել է Մամեդովը՝ ընդգծելով. - «Ադրբեջանը երկրագնդի միակ աշխարհիկ կարգեր ունեցող մահմեդական երկիրն է, որն իր ապագան կապում է Արեւմուտքի հետ, Աֆղանստանին կատարվող մատակարարումների մոտ 35 տոկոսն անցնում է հենց մեր երկրի տարածքով, սակայն Ադրբեջանը սրան համարժեք դրական վերաբերմունք չի տեսնում Արեւմուտքից»։

Փոխարենը, ըստ Մամեդովի, արեւմտամետ դիրքորոշման պատճառով որոշակի լարվածություն է ի հայտ գալիս ադրբեջանա-իրանական հարաբերություններում։

«Իրանը ասում է մեզ՝ ինչո՞ւ եք ձեր նավթը վաճառում Արեւմուտքին, եւ հորդորում է էականորեն կրճատել կապերը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ», - ասել է Նովրուզ Մամեդովը։

Նա նաեւ քննադատել է արեւմտյան այն լրատվամիջոցներին, որոնք փորձում են է'լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, նկատի ունենալով թերեւս ամերիկյան Foreign Policy հանդեսը, որն անցած ամիս պնդել է, թե Ադրբեջանը համաձայնել է Իսրայելին տրամադրել Իրանի հետ սահմանին գտնվող օդանավակայաններից մեկը։ Հերքելով այդ պնդումները՝ Մամեդովը միաժամանակ անուղղակիորեն հաստատել է Իսրայելից 1.6 միլիարդ դոլարի զենք գնելու մասին տեղեկությունները եւ մեղադրել այդ երկրի իշխանություններին՝ գործարքը գաղտնի պահելու մասին պահմանավորվածությունը խախտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG