Մատչելիության հղումներ

Սարգսյանը Աբովյանում հայտարարեց Ծառուկյանին սատարելու մասին


Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո, 17-ը փետրվարի, 2011թ.
Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո, 17-ը փետրվարի, 2011թ.
Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Աբովյանում հայտարարեց, որ թիվ 28 ընտրատարածքում Հանրապետականը սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը եւ 8 գյուղեր ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով գրանցված միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։

«Մենք այնտեղ, որտեղ թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին, եւ այստեղ, բնականաբար, մենք պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը։ Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին», - մանրամասնեց Սերժ Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանին սատարելու մասին Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ուշագրավ է հատկապես այն առումով, որ հանրապետական պատգամավորները վերջին շրջանում սուր քննադատության են ենթարկում ԲՀԿ-ին՝ «պոպուլիզմով զբաղվելու» եւ «իշխանության մեջ մնալով՝ ընդդիմադիրի կեցվածք ընդունելու համար»։

Ընդունված է համարել, որ Աբովյանում եւ ընդհանրապես Կոտայքի մարզում առավել ուժեղ են ԲՀԿ-ի դիրքերը եւ, թերեւս, նաեւ այս հանգամանքը նկատի ունենալով այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այս մարզում քաղաքական պայքարը թեժ է․ - «Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է։ Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն։ Բայց, այնուհանդերձ, կոչ եմ անում նաեւ քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որպեսզի ձեր քվեարկությունը ձեր իսկ դուրը գա։ Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաեւ կոչ անելու ձեզ՝ քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին»։

Այսօր քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ ազգի եւ մարդու անվտանգության մասին: Նա ասաց, թե մարդը պետք է պաշտպանված լինի թե ֆիզիկապես, թե իրավական առումով: «Անհատը չի կարող պաշտպանված լինել, եթե պետական պաշտոնյան նրանից կաշառք է ակնկալում», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով ձեռնարկել են միջոցառումներ նման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

Չարենցավանում էլ երկրի ղեկավարը խոսեց ոստիկանության եւ դատախազության մասին՝ կոչ անելով քաղաքական ուժերին միասին պայքարել այս մարմինների անկախությունը ամրապնդելու համար:

«Ոստիկանը, դատախազը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը Հանրապետականի ենթական չեն, նրանք բոլորը Հայաստանի ժողովրդի ծառայողներն են: Եկեք միասին ամրապնդենք այդ մարմինների անկախությունն ու կարողությունները: Եկեք միասին սահմանենք աչալուրջ վերահսկողություն այդ մարմինների նկատմամբ մեր ամբողջ քաղաքացիական հասարակությամբ: Վերջիվերջո իշխանություն ունեցող կուսակցությունները գալու են եւ գնալու են: Այդ կառույցները պետք է երբեք կախված չլինեն կուսակցությունների քմահաճույքից», - ասաց նա:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին միասին պայքարել, միասին հաստատել արդարություն յուրաքանչյուրի համար՝ ընդգծելով, որ պատրաստ են համագործակցության:

«Դուք վկա եք, որ անցած տարիների ընթացքում ես երբեք որեւէ խտրականություն չեմ դրել ու միշտ բոլորի հետ համագործակցելու պատրաստակամություն եմ հայտնել: Իմ համար բոլորն էլ մերոնք են: Հիմա էլ բոլորին ասում եմ՝ եկեք միասին պայքարենք, եկեք միասին աշխատենք», - ասաց նա:

Ուշագրավ է, որ Հանրապետականի քարոզարշավին մասնակցող մարդիկ, չնայած որ առավոտյան ժամը 11-ն էր, թողել էին աշխատանքը եւ հանրահավաքի եկել: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ դպրոցականներ, ովքեր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ դասերից այսօր իրենց ազատել են:

Իսկ 76-ամյա մի ծերունի էլ Երեւանից էր եկել Աբովյան՝ հանրահավաքին մասնակցելու համար: Հարցին, թե ինչո՞ւ է եկել, հասել Աբովյան, եթե կարող էր Երեւանում կայացած կամ կայանալիք հանրահավաքներին մասնակցել, ծերունին պատասխանեց. - «Դե, ինչ որ ասել են, արել ենք, շտաբը ոնց կարգադրում է, տենց էլ անում ենք»:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG