Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Արդար ընտրությունների անցկացումը օդի պես անհրաժեշտ է Հայաստանին»


Երեւանի Դավթաշեն համայնքում նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի բացօթյա հանդիպումը շաբաթ օրը տեղատարափ անձրեւի պատճառով տեղափոխվեց համայնքի թիվ 189 դպրոցի դահլիճ։

Դիմելով ներկաներին՝ Հանրապետական կուսակցության ղեկավարն ասաց, թե ընտրարշավը մտնում է ավարտական փուլ, եւ իր համար հստակ է ընտրողների ցանկություններն ու մտահոգությունները:

«Այս ընթացքում ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր եւ արտաքին, եւ ներքին քաղաքական ուղեգծերը ճիշտ են։ Այս հանդիպումների ընթացքում շատ մարդիկ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ, պարզ մարդիկ… որոնք որեւէ բանով մեզնից կախված չեն եւ քծնելու կամ կեղծավորություն անելու որեւէ հիմք չունեն, ասում են, որ տեսնում են երկրում խնդիրներ, բայց իրենք համոզված են, որ այդ խնդիրները կարող է լուծել Հանրապետական կուսակցությունը։ Եվ պարզ ասում են, որ իրենք չեն հավատում այն մարդկանց, ովքեր գալիս են ու խոստանում, որ եթե իրենց քվեարկեն, ապա մեկ շաբաթում կամ, ինչպես ասում են հաճախ, 3 ամսում երկիրը կդարձնեն դրախտավայր», - ասաց Սերժ Սարգսյանը։

Դավթաշենցիների հետ հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը խոսեց նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտների մասին։ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կառուցվելու են եվրոպական չափանիշներին համապատասխան արյունաբանական եւ ուռուցքաբանության կենտրոններ։ Նա ասաց՝ արդեն կան ֆինանսական միջոցներ, եւ այդ կենտրոնները կառուցվելու են Երեւանի թիվ 8-րդ հիվանդանոցի բազայի հիման վրա։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ երկրում ապահովելու են սրտի անհետաձգելի վիրահատություն` Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

Հանրապետական կուսակցության ղեկավարն իր նախընտրական ելույթն ավարտեց երկու խնդրանքով: Նա նախ խնդրեց մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին։

«Մենք նպատակ ունենք անցկացնել փայլուն ընտրություններ, լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ, որովհետեւ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը օդի պես անհրաժեշտ է Հայաստանին։ Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները հավատ ներշնչեն մեր բոլոր քաղաքացիներին եւ գործընկերներին», - ասաց նախագահը՝ շարունակելով. - «Մենք լավ առիթ ունենք ապացուցելու, որ մենք քաղաքակիրթ ազգ ենք»:

Երկրի ղեկավարի երկրորդ խնդրանքը վերաբերում էր Հանրապետականի օգտին քվեարկելուն։ Սերժ Սարգսյանն ասաց, որ, բնականաբար, որպես ՀՀԿ ղեկավար՝ իր ցանկությունն է, որպեսզի կուսակցությունը տանի առավելագույն թվով քվեներ։

«Խնդրում եմ ձեր քվեն տալ Հանրապետական կուսակցությանը, խնդրում եմ եւ դա անում եմ հաճույքով՝ առանց կոմպլեքսավորվելու, որովհետեւ մեկ-մեկ հեռուստացույցով տեսնում եմ, թե ինչպես որոշ քաղաքական ուժեր մեծամտորեն ասում են, թե իրենք այն ուժը չեն, որ ժողովրդից ձայն խնդրեն: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ ժողովրդին խնդրում ենք մեզ քվեարկել», - ասաց նա:

Ի դեպ, երկրի ղեկավարն այսօր պատասխանեց ռուսական հեռուստաընկերության հարցերին։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանն ասաց, թե իրենց հաջողվել է երկրում ստեղծել քաղաքական մրցակցային դաշտ, եւ բոլոր քաղաքական ուժերը ունեն հավասար հնարավորություններ իրենց տեսակետները հասցնել քաղաքացիներին։ Սարգսյանն ասաց, որ իրենց համար շատ կարեւոր է լավ ընտրություններ անցկացնելը, ուզում են, որ ընտրությունների արդյուքները վստահություն ներշնչեն ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ գործընկերներին:

Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG