Մատչելիության հղումներ

Լրացավ Չերնոբիլի աղետի 26-րդ տարին


Ուկրաինա - Հիշատակի գիշերային արարողություն Չերնոբիլի աղետի հետեւանքով զոհված հրշեջների եւ ատոմակայանի աշխատակիցների հուշահամալիրում, Սլավուտիչ, 26-ը ապրիլի, 2012թ.
Ուկրաինա - Հիշատակի գիշերային արարողություն Չերնոբիլի աղետի հետեւանքով զոհված հրշեջների եւ ատոմակայանի աշխատակիցների հուշահամալիրում, Սլավուտիչ, 26-ը ապրիլի, 2012թ.
Այսօր լրանում է չերնոբիլյան աղետի 26-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Ուկրաինայում եւ աղետից տուժած սահմանակից երկրներում տեղի կունենան հիշատակի միջոցառումներ:

Խորհրդային ամենահզոր ատոմակայաններից մեկում` Չերնոբիլի կայանում 1986 թվականին տեղի ունեցած պայթյունը հանգեցրեց աշխարհի ամենամեծ միջուկային աղետին: Պայթեց գործող չորս ռեակտորներից մեկը, ինչի հետեւանքով մթնոլորտ արտանետվեց մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութ:

Չնայած աղետի հետեւանքով զոհվածների թիվը առաջին ամիսներին չէր գերազանցում 100-ը, այն ազդեց հարյուր հազարավոր մարդկանց վրա ոչ միայն Ուկրաինայում, այլեւ սահմանակից երկրներում` առաջացնելով տարբեր հիվանդություններ եւ կրճատելով նրանց կյանքը:

Աղետից 26 տարի անց էլ ատոմակայանի շրջակայքը անապատ է, արգելված գոտի, այնտեղ տոննաներով ռադիոակտիվ նյութեր են կուտակված, որոնց ազդեցությունը մեղմելու դեռեւս մեկ արդյունավետ միջոց են գտել` պարզապես ծածկել:

Այս տարելիցը նշանավորվում է նրանով, որ այսօր պաշտոնապես սկսվելու է նոր պաշտպանիչ սարկոֆագի շինարարությունը, որը գրեթե մեկ միլիարդ եվրո կարժենա եւ, ըստ նախագծի, կավարտվի 2015 թվականին։ Նախատեսվում է հսկայական մետաղական կափարիչ կառուցել, որը թույլ չի տա ռադիոակտիվ ճառագայթներին տարածվել։ Ինչպես պնդում են մասնագետները, նոր կառույցը կդիմանա 100 տարի: Աղետից հետո ճառագայթում թույլ չտալու համար ռեակտորը բետոնե կամարով էր ծածկվել, որը, սակայն, արդեն վթարային վիճակում է:

Հիշատակի միջոցառումներ են նախատեսվում նաեւ Բելառուսում, որը նույնպես տուժել է Չերնոբիլի աղետից:

Բելառուսի իշխանությունները պաշտոնապես թույլատրել են բելառուսական ընդդիմությանը այսօր երթ անցկացնել, որը կոչվելու է «Չերնոբիլյան ուղի»։ Ամենամյա այս երթը իրականացվում է 1988 թվականից սկսած` հարգելու միջուկային աղետի զոհերի հիշատակը:

Երթի կազմակերպիչներն ասում են, որ այս տարի մտադիր են նաեւ բողոքի ցույց անցկացնել կառավարության մտադրության դեմ` Բելառուսում կառուցել առաջին ատոմակայանը` Լիտվայի հետ սահմանի մոտ գտնվող Օստրովեց քաղաքում։ Ռուսաստանը արդեն իսկ 10 միլիարդ ռուբլի կամ 340 միլիոն դոլար է հատկացրել այդ նախագծին:

«Չերնոբիլյան ուղի» խորագրով երթը Բելառուսում նախորդ տարիներին աչքի է ընկել ակտիվիստների եւ իրավապահների բախումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG