Մատչելիության հղումներ

Սարկավագ, ով գիտի նաեւ սրբապատկերների գաղտնիքը


Սարկավագ, ով գիտի նաեւ սրբապատկերների գաղտնիքը
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

«Սրբապատկերը չպետք է նման լինի որեւէ աշխարհիկ պատկերի, քանի որ կամուրջ է, որը մեզ կապում է հոգեւորին», - ասաց Դավիթ սարկավագ Չետինքայան: - Մեր սրբապատկերները միշտ շատ պայծառ են, պատկերվածների դեմքերի մեջ միշտ աստվածային սերը կարողանում ես զգալ»:

Դավիթ սարկավագը սրբապատկերներ է նկարում, նախագծում եւ պատրաստում: Մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք նկարելու համար պետք է լավ իմանալ աստվածաբանություն, դավանաբանություն եւ սրբերի վարքերը:

Այժմ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի քահանայից լսարանի ուսանողն առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է: Նշեց, որ իր ընտանիքում որեւէ մեկը հոգեւոր ծառայության եւ արվեստի հետ երբեւէ կապ չի ունեցել:

Սակայն ինքը սրբապատկերներ սկսել է նկարել 2000 թվականից: Դրանց պատրաստման մեջ հմտանալու համար վարպետների մոտ սովորել է նաեւ Հունաստանում: Իր խոսքով, միշտ փորձում է ինչ-որ բան սովորել այն վարպետներից, ում հետ շփվում է.

«Այդուհանդերձ ասում եմ, որ իմ ամենամեծ վարպետն Աստվածն է: Աստվածային շնորհ է ինձ տրված, որ ես կարողանում եմ սա անել», - ասաց նա:

Սրբապատկերներ է նախագծել Հայաստանի եւ Ստամբուլի եկեղեցիների, ինչպես նաեւ արտերկրում գտնվող հայկական եկեղեցիների համար: Նախագծում է նաեւ զգեստներ հոգեւորականների համար:

Դավիթ Չետինքայան ծնվել է Ստամբուլում, կամ ինչպես ինքն էր հաճախ խոսքի մեջ նշում ՝ Պոլսում: Նրա փոխանցմամբ, այժմ մոտ 100 հազար հայեր են բնակվում Ստամբուլում, որոնցից մոտ 40.000-ը Հայաստանից են գնացել. հիմնականում առեւտրով են զբաղվում: 38 եկեղեցի կա, բայց հոգեւորականների սակավության պատճառով այն վայրերում, որտեղ հայերը քիչ են եկեղեցին գործում է ամիսը մի քանի անգամ:

Ինչպե՞ս են վերաբերում հայերին Ստամբուլում հարցին, պատասխանեց. - «Հին ժամանակ ես հիշում եմ, երբ ասում էիր, որ հայ ես, ուշադրությամբ նայում էին, ոնց որ թե բնավ հայ չէին տեսել, բայց հիմա սովորական է դարձել, մանավանդ Հրանտ Դինքի [սպանությունից] հետո, երբ մեծ աղմուկ բարձրացավ, արդեն ավելի ազատ կարող են կարդալ, մտածել ու ավելի շատ գիտեն, թե հայերը ինչպիսին են»:

Այժմ կնոջ եւ դստեր հետ բնակվում է Հայաստանում, ընտանիքի մի մասն էլ Ստամբուլում է: Ճեմարանն ավարտելուց հետո կապրի այնտեղ, որտեղ կնշանակվի հոգեւոր ծառայության. - «Սա իմ հայրենիքն է, Ստամբուլն էլ ՝ ծննդավայրս, ոչ գիտես այնտեղից ես, ոչ գիտես այստեղից ես, երկուսն էլ կուզես, որովհետեւ երկուսի հետ էլ կապված ես, անոր համար Աստծո կամքը կլլա»:

please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG