Բազմաթիվ քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ, Ազատության հրապարակից ջահերով եւ մոմերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երթից առաջ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը:
Երեւանում երթն անցկացվում է արդեն 13-րդ անգամ: Արդեն ավանդական դարձած ջահերով երթին շատերը մասնակցում էին ընտանիքներով: Երթին մասնակցում էին նաեւ Սփյուռքից եկած հայեր:
Պատրիկ Մայրամյանը, ով Լոս Անջելեսից է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այնտեղ եւս ամեն տարի կազմակերպվում են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթեր:
Երեւանի այն փողոցներում, որտեղով անցնում էին երթի մասնակիցները, քաղաքացիներն անջատել էին բնակարանների լույսերը եւ մոմեր վառել պատուհաններին: Չնայած ուշ ժամին` Ծիծեռնակաբերդը մարդաշատ էր: Այստեղ երթի մասնակիցները պարզեցին Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների ազգային դրոշները:
Բացի Երեւանից, ջահերով երթեր են կազմակերպվել Հայաստանի 13 այլ քաղաքներում, ինչպես նաեւ Լիբանանի, Արգենտինայի, Իրանի եւ Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում: