Մատչելիության հղումներ

Շարմազանովը Տեր-Պետրոսյանին մեղադրում է կոռեկտության սահմանները անցնելու մեջ


Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Գնահատելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին կեսը, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «իշխող կուսակցությունն այս փուլում ամենահանդուրժողն է»:

«Միանշանակ Հանրապետականը իր քարոզչությունը չի տանում ընդդեմ ինչ-որ մեկի, շատ դեպքերում հայհոյանքների չի էլ պատասխանում», - ասաց նա:

Շարմազանովը ընդգծեց, որ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ-ն հավանություն է տվել խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկած՝ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններին` մյուս քաղաքական կուսակցություններին եւս կոչ անելով միանալ դրանց: Այսօր ՀՀԿ գործադիր մարմինն այս մասին նաեւ հայտարարություն է տարածել: ԱԺ փոխխոսնակը չհամաձայնեց, որ քարոզարշավի ընթացքում Մալաթիա-Սեբաստիայում ընդդիմադիր թեկնածուի քիթը կոտրելու կամ ավելի վաղ Արմավիրում անկախ թեկնածուին ծեծի ենթարկելու միջադեպերը իշխանությունների կողմից հանդուրժողականության պակասի արտահայտությունն են եղել կամ կապ ունեցել են ՀՀԿ-ի հետ:

«Բնականաբար ՀՀԿ-ի հետ որեւէ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ, եւ երկրորդ` ՀՀԿ-ի համար հանցագործությունը եւ օրինազանցությունը կուսակցական պատկանելություն չունեն: Որեւէ մեկը այս երկրում չպետք է իրեն օրենքից վեր դասի, լինի նա հանրապետական, թե անդամակցի ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», - ասաց նա:

Շարմազանովը մի քանի ուշագրավ հանգամանք մատնանշեց քարոզարշավի առաջին 15 օրերի ընթացքում. մեկը, որ իշխող կոալիցիային անդամակցող որոշ քաղաքական գործիչներ` «օր օրի ավելի են խստացնում իրենց հռետորաբանությունը` մոռանալով, որ իրենք էլ իշխանության մաս են եւ պատասխանատվություն են կրում վիճակի համար»:

«Կան մարդիկ, որ մինչեւ ժամը 1-ը` ընդմիջման ժամը, իշխանություն են, ընդմիջումից հետո դառնում են ընդդիմադիր», - ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ին նկատի ունի, Շարմազանովը պատասխանեց. - «Ես նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պատասխանատվությունից խուսափել: Մի բան հաստատ է՝ քաղաքականության մեջ չեն լինում «կիսա» վիճակներ: Կամ ընդդիմություն ես, կամ իշխանություն: Երրորդը չկա»:

Երկրորդ հետաքրքիր հանգամանքն էլ, ըստ ՀՀԿ-ի խոսնակի, այն է, որ ընդդիմությունը երկակի ստանդարտներ է կիրառում իշխանություններին քննադատելիս:

«Արտախորհրդարանական ընդդիմությունը, որն իրեն հայտարարում էր քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքար մղող, այսօր ընտրողաբար է մոտենում: Կոալիցիայի մի մասին քննադատում է, մյուս մասին՝ չի քննադատում: Կարծես թե Հայաստանի երկու մարզում կյանքը շատ բարգավաճել է, չորս նախարարություններում կյանքը շատ փայլուն է եղել եւ բարգավաճել է, որեւէ պրոբլեմ չի եղել, իսկ մնացած մասում շատ վատ է եղել», - նշեց Շարմազանովը եւ հավելեց. - «Բայց ինձ ավելի շատ մեկ այլ բան է անհանգստացնում: Ցավով պետք է նշեմ, որ իմ երկրի առաջին նախագահը, ով նաեւ Կոնգրեսի առաջնորդն է, իրեն թույլ է տալիս հանրության հետ հանդիպումների ժամանակ կոռեկտության բոլոր սահմաններն անցնել եւ նաեւ մեր ազգային անվտանգությանը վնասող հայտարարություններ անել»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
​Ընդդիմադիր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց, որ իրենք որեւէ անհիմն հայտարարություն չեն անում:

«Մեր մեղադրանքներից ո՞րն է սխալ: Մենք մեր բոլոր մեղադրանքները հիմնավորում ենք: Մարտի 1-ին կրակ են բացել, ի՞նչ անվանենք նրանց: Ստվերային տնտեսության միջոցով գողացվում է բյուջեի 2/3-ը, ոչ մի բան չասե՞նք: Արտագաղթի մասին չխոսե՞նք: Մի արտագաղթի մասին, որին մեզանից ավելի խիստ գնահատականներ է տվել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում՝ Շառլ Ազնավուրը: Ինչո՞ւ իրեն չեն մեղադրում սեւ փիառի մեջ: Իրենք սեւ օյիններ բերեն մեր ազգի գլխին, իսկ մենք իրենց չկարողանա՞նք մի թթու խոսք ասել», - հարցրեց Զուրաբյանը:

Իսկ իշխող կոալիցիային «ընտրովի քննադատելու» մասին մեղադրանքներին Լեւոն Զուրաբյանը այսպես արձագանքեց. - «Մենք համաձայն ենք, որ ընտրովի քննադատություն ենք տանում: Մենք բաց ասել ենք, որ հակաքարոզչություն կոնկրետ իրականացնելու ենք ռեժիմի դեմ եւ ռեժիմի հիմնական գործիքը համարում ենք Հանրապետական կուսակցությանը։ Դա մեր իրավունքն է՝ ինչպես կառուցել մեր քարոզչությունը։ Մենք ամենաարդյունավետ քարոզչություն ենք տանելու ռեժիմը կազմաքանդելու նպատակով: Իսկ եթե ՀՀԿ-ն մեղադրում է մեզ քարոզչության մեջ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ իրենք էլ են անում օրինախախտումներ, ուրիշներն էլ, իսկ մենք նկատում ենք միայն իրենցը: Սա նշանակում է խոստովանություն սեփական օրինախախտումների մասին»:

ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը չցանկացավ մեկնաբանել «մինչեւ ժամը 1-ն իշխանություն, 1-ից հետո ընդդիմություն լինելու» Շարմազանովի՝ իրենց ուղղված ակնարկները: Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա ԲՀԿ-ն բազմիցս է հայտարարել լրատվամիջոցներով իրենց դեմ հաճախ իրականացվող սեւ քարոզչության մասին:

Եվ Լեւոն Զուրաբյանը, եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեցին, որ քարոզչության ընթացքում վախի մթնոլորտ էլ են նկատում:

«Մի դեպքում Ազգային անվտանգության մարմինների միջոցով, մի դեպքում ուղղակի թաղային հեղինակությունների միջոցով փորձ է արվում խոչընդոտներ հարուցել բնակիչների հետ հանդիպումների ընթացքում: Տվյալ պարագայում ավելի շատ գործում է ինքնագրաքննությունը: Նրանք ոչ թե սպառնում են ինչ-որ մեկին, այլ պարզապես կանգնում են հրապարակում, եւ մարդիկ ուղղակի ավելորդ խնդիրներ չունենալու համար խուսափում են գալ նախընտրական հանդիպումների», - ասաց Սաֆարյանը:

«Ժառանգություն»-ը ահազանգում է մեկ այլ բացասական երեւույթի մասին եւս. - «Վերջին շաբաթների ընթացքում անխտիր բոլոր քաղաքական ուժերը թիրախ ընտրեցին «Ժառանգությանը»: Որոշ դեպքերում հռետորաբանությունն ու վիրավորանքներն անցնում են թույլատրելիի սահմանը», - ասաց Սաֆարյանը:

Իսկ ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) համար քարոզարշավը նորմալ է: ՀՅԴ քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ընտրողների հետ հանդիպումները անցկացնելու կամ քարոզչության հետ կապված խնդիրներ չունեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG