Մատչելիության հղումներ

Մհեր Շահգելդյան․ «ՕԵԿ-ի մոտեցումը ապահովեց երկրի կայունությունը»


«Օրինաց երկիր» կուսակցությունում համոզված են, որ իրենց վարկանիշը բարձրացել է, հասարակության վստահությունն էլ՝ ավելացել:

«Գաղտնիք չէ, որ կային մարդիկ, որ մեզ չհասկացան կամ չուզեցին հասկանալ, բայց դա անցավ ու ներկայումս մեր շարքերի ընդյալնումը, եւ կուսակցության շարքերին անդամակցելու հոսքը, որ կա վերջին տարիներին, եւ հանրահավաքները, հանդիպումները քաղաքացիների հետ, ցույց են տալիս, որ մարդիկ համոզված են մեր քայլերի ճշմարտացիության մեջ։ Այո, նրանք համոզված են, որ մենք ելնում ենք միայն ազգի, պետության, ժողովրդի շահերից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ - «Մենք լավին լավ, վատին վատ ենք ասել, քննադատել ենք խնդիրները: Մենք ազնիվ ու շիտակ ենք խոսել ժողովրդի հետ, էլի քննադատորեն ենք վերաբերվում, կոալիցիոն գործընկերներին ենք ներկայացնում մեր փաստարկները: Սեւ PR, մեզ համար անընդունելի է: Հասարակությունն ավելի ճիշտ է գնահատում»։

Հիշեցնենք՝ նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների քարոզարշավներին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օրինաց երկիրը» նախագահական ընտրություններից հետո երկար ժամանակ չանցած սկսեց համագործակցել իշխանությունների հետ` մաս կազմելով իշխանական կոալիցիային:

Դաշնակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը երեկ ասել էր, որ եթե 2008թ-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը չանցներ իշխանությունների կողմը «մարտի 1» չէր լինի: Ըստ Նռանյանի պարզաբանման, ՕԵԿ-ը կանգնեց իշխանությունների կողքը` դրանով իսկ ապահովվեց նախագահական ընտրությունների լեգիտիմությունը եւ իշխանությունը «կարողացավ գնալ այդ քայլին»։

Շահգելդյանը, հակադարձելով ՀՅԴ-ի ներկայացուցչին, հարցնում է․ - «2008-ին որտե՞ղ էր Դաշնակցությունը՝ իշխանության մեջ էր: Մեր կուսակցության շատ խոհեմ որոշման արդյունքում մենք խուսափեցինք ավելի լուրջ խնդիրներից, ավելի լուրջ արյունահեղումներից»:

ՕԵԿ-ի փոխնախագահը շարունակում է, թե իրենք քաղաքական թշնամանք չեն դրսեւորել, այլ քաղաքական մրցակցության հետեւանքով գնացին նման քայլի․ - «Մենք չենք ընդունել քաղաքական թշնամությունը, այլ քաղաքական խաղաղություն ու մրցակցություն: Դա ենթադրում է այնպիսի քաղաքական իրավիճակ, որը նպաստում է երկրին, իսկ այդ ժամանակահատվածում արտաքին վտանգն սկսեց ավելանալ: Եթե մենք ի սկզբանե դա ասեցինք բաց եւ շիտակ, ապա վերջերս արմատական ընդդիմությունը եւս ասաց: Եվ հասարակությունը սա ընդունում ու ընկալում է»:

Շահգելդյանը նշում է, որ եթե տարիներ առաջ իրենք այդ մասին խոսեցին բաց ու շիտակ, ապա վերջերս արդեն արմատական ընդդիմությունը նման դիրքորոշում ցուցաբերեց` ասելով, որ չի կարելի երկրի հիմքերը խարխլել, որովհետեւ մենք ունենք արտաքին խնդիրներ․ - «Եթե «Օրինաց երկրի» այս դիրքորոշումը չլիներ հստակ ու խոհեմ, մենք ունենալու էինք խնդիրներ, էլ ավելի էր ճեղքվելու հասարակությունը, ցավալի էր, բայց զոհերը կարող էին ավելին լինել: Այնպես որ, այս մոտեցումը ապահովեց նաեւ երկրի կայունությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG