Մատչելիության հղումներ

Այգու պաշտպանները կասկածի տակ են դնում վարույթի օրինականությունը


Ապամոնտաժող բրիգադի անդամները Մաշտոցի այգում
Ապամոնտաժող բրիգադի անդամները Մաշտոցի այգում
Կիրակի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ոստիկանությունը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ:

Ինչպես նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ, «գործընթացի նախաձեռնումը պայմանավորված է բացառապես իրականացված անօրինական գործողությունների էությամբ ու բովանդակությամբ»: Ապամոնտաժող բրիգադի անդամ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը որեւէ ծանուցում ոստիկանությունից չի ստացել: Նա տաօրինակ է համարում վարույթի հարուցումը միջադեպից օրեր անց, քանի որ այդ օրը այգում արձանագրություն չի կազմվել:

Հիշեցնենք՝ կրպակներն ապամոնտաժելու բրիգադի վերջին փորձերին ոստիկանությունը բավական կոշտ արձագանքեց. ակտիվիստներին, որոնց շարքերում նաեւ կանայք էին, հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին ընկած քարշ տալով դուրս էին բերում կրպակներից: Ընդ որում նաեւ կարմիր բերետավորներն ու քաղաքացիական հագուստով մարդիկ էին ուժ կիրառում: Մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ ապրիլի 15-ի գործողություններն իրենց ընդգծված ագրեսիվ բնույթով որակապես տարբերվում էին պուրակում մինչ այդ տեղի ունեցած միջադեպերից, ունեին ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու ակնհայտ միտում եւ ուղղված էին որոշակի արժեքների, մասնավորապես, այգում գտնվող գույքին վնաս հասցնելուն:

Նախեւառաջ պետք է հայտնի դառնա, թե ով է այդ գույքի տերը, հակադարձում է Մանվել Սարգսյանը:

«Այնտեղ ոչ մի բան չի վնասվում, եթե մարդիկ այնտեղ անգամ գույքը ապամոնտաժում էին, ապամոնտաժելը փչացնել չէ, որովհետեւ գույքը նորից կուտակվում է այնտեղ, եւ անգամ առաջին պտուտակը, որ մենք հանել ենք, տվել ենք ոստիկանությանը, որ եթե դա ձեզ համար արժեք է, վերցրեք, տվեք համապատասխան մարմիններին կամ վերադարձրեք տիրոջը: Նրանք անգամ դա չեն վերցրել, չնայած որ, օրինակ, մեր գործիքները վերցրել են», - ասաց Սարգսյանը:

Ապամոնտաժող խմբի մեկ այլ անդամ` քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը եւս կասկածի տակ է դնում ոստիականության հարուցած վարույթի օրինականությունը: Միեւնույն ժամանակ Ղուկասյանը ընդգծում է, որ սա կարեւոր որոշում է:

«Մեզ համար սա, եթե, իհարկե, առհասարակ, այդ վարչական վարույթը իրականանա, եթե դա պարզապես խոսքեր չեն, բնականաբար, դառնալու է լրացուցիչ հարթակ, որ այս բոլոր խնդիրները արդեն իրավական դաշտում քննարկեն ոստիկանության հետ եւ ոստիկանությանը եւս մի անգամ հարկադրել, որ իրեն օրենքով վերապահված լիազորությունները ինքնակամ շինությունները վերացնելու ուղղությամբ կատարի», - ասաց Ղուկասյանը:

Իսկ ինքնակամ շինությունը սեփականություն չունեցող օբյեկտ է, ընդգծում է քաղաքագետը. - «Մեր խնդիրն է, որ իշխանությունները հասկանան այս հարցի սկզբունքայնությունը եւ բացառեն այդ «եւ-եւ» վիճակը: Որովհետեւ կամ այդ շինությունները ինքնակամ են, հետեւաբար մեր գործողությունները ճիշտ են եւ այդ իրադրությունը պիտի վերացվի, կամ այդ շինությունները օրինական են, հետեւաբար մեր գործողությունները սխալ են, եւ մենք պիտի պատշաճ կերպով պատիժ կրենք օրենքով սահմանված կարգով»:

Մանվել Սարգսյանն ասում է, որ ոստիկանությունը գիտակցում է կրպակների տեղադրման անօրինականությունը, սակայն հայտնվել է թակարդում: Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունները փորձում են ապացուցել, որ այս երկրում օրենք չի գործում, եւ քաղաքապետարանն էլ չի ծառայելու հասարակությանը: Նրա կարծիքով՝ այլ լեզվով խոսել այլեւս հնարավոր չէ, ընդամենը պետք է գալ այգի եւ գործ անել:

«Որ նրանք հասկանան, որ ժողովուրդը ձեւը գտնելու, եւ հեռացնելու է այս ամեն ինչը», - ասաց նա:

Անդրեաս Ղուկասյանը այսօր հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, ընտրատեղամասի փոխարեն իր ընտրությունը այգում է կատարելու:

please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG