Մատչելիության հղումներ

ԵՄ. «Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը ծայրահեղ անհրաժեշտություն է»


Այսօր` մայիսի 6-ին կայանալիք ընտրություններից շաբաթներ առաջ, Եվրախորհրդարանը եւս մեկ զեկույց ընդունեց Հայաստանի վերաբերյալ՝ ընդգծելով քվեարկությունը ազատ եւ արդար անցկացնելու, ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը։

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված այս փաստաթուղթը, ըստ էության, առանձնացնում է այն խնդիրները, որոնց եվրոպացի պաշտոնյաները պետք է հետամուտ լինեն՝ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներում ու Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Դրանց շարքում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը որակվում է որպես «ծայրահեղ անհրաժեշտություն», նշվում է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի թափանցիկ ու անկախ հետաքննությունն ավարտին հասցնելու, դատական համակարգը բարեփոխելու, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու, ինչպես նաեւ տնտեսության մեջ օլիգարխիկ համակարգը կազմաքանդելու կարեւորությունը։

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե
«Փաստաթուղթն ընդունվում է մի շատ կարեւոր ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում է ուշադրության կենտրոնում», - քվեարկությունից առաջ նկատեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ում խոսքով` Եվրամիության պաշտոնյաները երկու կարեւոր ուղերձ են փոխանցել Հայաստանի նախագահին վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ։

«Առաջին՝ մենք պատրաստ ենք շարունակել հարաբերությունների խորացումն ու Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, եւ երկրորդ՝ ցանկանում ենք նշանակալից բարեփոխումներ տեսնել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու ղարաբաղյան խնդրի կարգավորման»։

«Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ժողովրդավարական բարեփոխումներին հավատարիմ լինելու հանձնառության մասին», - հիշեցրեց եվրոպացի դիվանագետն՝ ընդգծելով, որ մայիսին, ապաեւ` հաջորդ տարվա փետրվարին կայանալիք ընտրությունները կարեւոր քննություն են՝ այդ հանձնառությունը ապացուցելու համար։

«Հավակնոտ են ոչ միայն Եվրամիության կողմից Հայաստանին առաջարկվող ծրագրերը, այլեւ Բրյուսելի ակնկալիքները Հայաստանի իշխանություններից», - հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։

Ժողովրդավարական բարեփոխումներից բացի, եվրոպացի պատգամավորները շարունակ ընդգծում են նաեւ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը։ Մտահոգություն հայտնելով բանակցություններում արձանագրվող «դանդաղ առաջընթացի» վերաբերյալ՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ ակտիվացնել ջանքերը, այդ թվում՝ շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը` մինչեւ այդտեղ կտեղակայվեն ՄԱԿ-ի մանդատն ունեցող բազմազգ խաղաղապահ ուժերը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունած տարբերակում, պատգամավորները նաեւ կոչ էին արել փոխարինել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Փաստաթղթի վերջնական տարբերակում, սակայն, այս դրույթը չընդունվեց: Փոխարենը ուժի մեջ մնաց Բրյուսելի կողմից վերջերս առաջ քաշված պահանջը՝ առանց նախապայմանների ու սահմանափակումների Ղարաբաղ ու հարակից շրջաններ մուտք ապահովելու վերաբերյալ։

«Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ», - հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG