Մատչելիության հղումներ

Ապրիլի 18-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրի դիտարկմամբ` ընթացիկ ընտրաշրջանում իշխող ՀՀԿ-ն կանգնած էր հետեւյալ երկընտրանքի առջեւ՝ մտցնե՞լ խաղի մեջ «մեծամասնական օլիգարխներին», թե՞ ոչ». - «Երկու դեպքում էլ շահելու եւ կորցնելու բաներ կային: Ընդունված որոշման առավելությունն այն է, որ օլիգարխների՝ պատգամավոր դառնալն ապահովագրված է, եւ դրանով նրանք նպաստելու են հարազատ կուսակցության՝ մեծամասնություն դառնալու ծրագրերին: Իսկ բացասականը ՀՀԿ-ի համար այն է, որ օլիգարխներն այդպիսով հեշտ թիրախ են դառնում ընդդիմության համար, եւ նրանց պատճառով այս ընտրարշավում Հանրապետականը դեռ շատ «թուքումուր կուտի»: Այս գործարարներն իսկապես քաղաքական գործիչներ չեն, աչքի չեն ընկնում գրագիտությամբ եւ բացարձակապես ի վիճակի չեն զբաղվել հրապարակային գործունեությամբ: Բայց այդ «փոքրիկ թերությունները» փոխհատուցվում են նրանով, որ օլիգարխները ընտրվելու խնդիր չունեն, իսկ եթե ՀՀԿ-ն նրանց փոխարեն առաջարկեր ոմն Պողոս Պետրոսյանի, ապա նույն գործարարները հանուն այդ անհայտ Պողոսի այնքան «ջիգյարով» չէին աշխատի, որքան իրենց համար: Մարդկային հոգեբանության պարզագույն օրինաչափություն է՝ սեփական շապիկը մարմնիդ ավելի մոտ է»:

«Ժամանակ» թերթի հոդվածագրի տպավորությամբ` քարոզարշավին մասնակից քաղաքական ուժերը համարժեք չեն արձագանքում երկրի իրողություններին. - «Միայն գեղեցիկ խոստումները, թեկուզ նաեւ հիմնավորված, երբեմն, համոզիչ փորձերով, դեռեւս բավարար չեն հանդիսանալու այն բանի վկայություն, որ քաղաքական համակարգի հիմնական դերակատարները ադեկվատ են արձագանքում հասարակության եւ պետության մարտահրավերներին: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրության ներկայիս գործընթացում առավել ուժեղ են ինտրիգներն ու ստվերային պայմանավորվածությունները, եւ քաղաքական ուժերը, այսպես ասած, քաղաքականություն են խաղում` մոռանալով, որ քաղաքականություն կարելի է խաղալ այն երկրներում, որտեղ կան կայացած քաղաքական համակարգեր, կայացած պետական ինստիտուտներ, կայացած սահմանադրական կարգ: Հայաստանում այդ ամենը չկա, հետեւաբար քաղաքականություն խաղերը Հայաստանում դառնում են ոչ այլ ինչ, քան դավադրություն հասարակության դեմ: Եվ այդ իմաստով, ներկայիս խորհրդարանի ընտրությունն իր, այսպես ասած, հիմնական դերակատարներով հանդերձ, ըստ էության հանդիսանում է դավադրություն հասարակության եւ պետության դեմ, որն, ընդ որում, կատարվում է հենց նույն հասարակության եւ պետության շահի անունից»:

«Հայոց Աշխարհ» թերթը պատկերավոր համեմատություններ է անում. - «Պահանջել ազնիվ ընտրություններ կարելի է. քաղաքականությունը նույնպիսի սպորտ է, ինչպիսին ֆուտբոլը, որտեղ խրախուսվում է օբյեկտիվ մրցավարությունը։ Բայց համարել, թե, ասենք, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» հաղթանակից մարդկանց կյանքը կփոխվի, իմաստ ունի գրեթե նույնքան, որքան համարել, թե ֆուտբոլի առաջնությունում «Փյունիկի» հաղթանակից կբարելավվի քաղաքում բուժսպասարկումը։ Ֆուտբոլն ու քաղաքականությունն իրենց ընթացքն ունեն, կյանքը՝ իր ընթացքը»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է պաշտոնական վիճակագրության այն ցուցանիշները, համաձայն որոնց այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացածների թիվը 27.5 հազարով ավելին է, քան Հայաստան ժամանածներինը. - «Ամեն անգամ, երբ ընդդիմությունը հայտարարում է, թե այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը ջնջվելու է աշխարհի քարտեզի վրայից, իշխանություններն աղմուկ-աղաղակ են բարձրացնում` իբր ի՞նչ կարիք կա խտացնել գույները, ամեն ինչ կարգին է: Հիմա եկեք այդ 27.5 հազարը բաժանենք 90 օրվա վրա: Ստացվում է, որ Հայաստանից օրական արտագաղթում է 305 մարդ, այսինքն` օրական մի գյուղ: Պարզ ասած` ամեն բացվող օրվա հետ Հայաստանի քարտեզի վրայից մի ամբողջ գյուղ է ջնջվում: Սա մենք չենք ասում, սա պաշտոնական վիճակագրությունն է ասում (այդ նույն վիճակագրության համաձայն, ի դեպ, Սյունիքում եւ Ղարաբաղում գյուղերի բնակչության միջին թիվը 250-270 է): Նշենք նաեւ, որ Հայաստանում կա մոտ 900 գյուղ: Հիմա ինքներդ հաշվեք` Սերժ Սարգսյանը քանի՞ տարի պիտի մնա իշխանության, որ Հայաստանը վերջնականապես դատարկվի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG