Մատչելիության հղումներ

Նախագահը կրկին հանդուրժողականության կոչեր է անում


Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական քարոզարշավը երեքշաբթի օրը շարունակվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ընտրողների հետ հանդիպումը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը անցկացրեց Սիսիանի քաղաքապետարանի առջեւի հրապարակում:

«Շարունակելու ենք մշտապես հանդես գալ երկրում համագործակցության մթնոլորտի օգտին եւ պառակտման ցանկացած դրսեւորման դեմ: Մենք իրավունք չունենք ջրբաժաններ գծելու շռայլությունը մեզ թույլ տալ, մենք հաղթահարել ենք նման մի իրականություն եւ չպետք է թույլ տանք որեւէ կրկնություն», - հայտարարեց Սարգսյանը:

Այս օրերին քաղաքական վեճում սուր ելույթներից հեշտությամբ կարող են անցնել պիտակավորման, ասաց Հանրապետականի ղեկավարը, շարունակելով. - «Մանր խնդիրներից վեր կանգնելու հավերժական իմաստությունը, որ գտնում ենք մեծ վարպետի` Համո Սահյանի մոտ, միշտ արդիական է: Մենք բոլորս պետք է հիշենք, որ ինչ անում ենք, անում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Պետք է հիշենք, որ տարբեր կարծիքներ ունենալը դեռեւս ընտանիքներ կիսելու ու իրար դեմ հանելու պատճառ չէ»:

Իշխող կուսակցության ղեկավարը հորդորեց հիշել, որ տարաձայնություն եւ բանավեճ չի նշանակում կռիվ ու դավ, Սարոյան եղբայրներ խաղալու կարիքը բացարձակապես չունենք, ասաց նա:

«Պետք է հիշենք, որ հայերը հայերի դեմ շարքեր հանելու իրավունք չունեն, մենք շարքեր ենք կազմում միայն բանակում, որպեսզի հարկ եղած դեպքում մեր զինվորները դուրս գան թշնամու դեմ: Ցավոք, արդի իրականությունն այնպիսին է, որ արտաքին աշխարհում մեր հանդեպ թշնամանք տածողների պակաս չկա: Մենք գնում ենք սոսկ ընտրությունների», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության ղեկավարը ընտրողներին ներկայացրեց նաեւ իրենց նախընտրական ծրագրի սոցիալական հատվածը` ասելով, որ «այսօրվանից իրենց բոլոր քայլերը, ծրագրերն ու իրականացվող պետական քաղաքականությունը ուղղելու են դեպի մարդը, դեպի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին»: Նա բավարար գնահատեց ձեռքբերումները պետականաշինության կայացման գործում, պաշտպանական կարողությունների ամրապնդման եւ հասարակական հարաբերությունների կազմակերպման հարցերում:

«Այժմ կարող ենք առավելապես կենտրոնանալ յուրաքանչյուր քաղաքացու հոգսերի թեթեւացման, կյանքի պայմանների բարելավման ոչ պակաս կարեւոր հարցերի շուրջ», - ասաց նա` խոստանալով, որ «այսուհետ տնտեսական զարգացումը դառնալու է կոնկրետ աշխատանք, կոնկրետ մարդու համար, իսկ մարդկանց աշխատանքով ու արժանապատիվ վարձատրությամբ ապահովելը` առաջնային նպատակ»:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ տնտեսական հնարավորությունների զարգացմանը զուգընթաց պահպանվելու են սոցիալական ծախսերի ավելացման միտումները:

«Ավելացված հնարավորությունները առաջին հերթին ուղղվելու են սոցիալապես անապահով խավերին: Այդպես եղել է, այդպես էլ կլինի: Սոցիալական քաղաքականության հիմնական խնդիրը այսուհետ դարձնելու ենք անհավասարությունը ծնող պատճառների վերացումը», - ասաց նա:

Սիսիանցիներին Սերժ Սարգսյանը կոչ արեց ընտրել Հանրապետական կուսակցությանը եւ թիվ 37 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ թեկնածուին:

ՀՀԿ-ի քարոզարշավը ապրիլի 18-ին կշարունակվի Վայոց ձորի մարզում: Դրան զուգահեռ հանրապետության նախագահի այցը Վայոց ձորի մարզ նաեւ աշխատանքային է:

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG