Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն Սյունիքում անդրադարձավ բնապահպանական խնդիրներին


Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) երկուշաբթի օրը իր քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: ՀՀԿ-ի ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համատեղեց իր աշխատանքային այցը եւ կուսակցության քարոզարշավը:

Նախագահի առաջին կանգառը սահմանամերձ Ագարակ քաղաքում էր: Սերժ Սարգսյանը իր աշխատանքային այցի շրջանակներում եղավ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո Ագարակի մշակույթի պալատում հանդիպեց ընտրողների հետ:

Ընտրողները, ինչպես նաեւ դպրոցական եւ մանկապարտեզի տարիքի երեխաները, ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը կրող պաստառներով, մոտ երկու ժամ սպասեցին նախագահին: Այս հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ «նման հանդիպումները ուժ են հաղորդում, եւ ամեն մի այդպիսի հանդիպման շնորհիվ ավելանում է ամուր հենարան ունենալու զգացումը, եւ հենց հավաքվածներն են այդ ամուր հենարանը»:

Իր ելույթում նախագահը անդրադարձավ տնտեսության ճյուղերին, մասնավորապես, հանքարդյունաբերությանը՝ ասելով, որ չնայած այդ ճյուղը տնտեսությունում զգալի տեղ է զբաղեցնում, դա չի նշանակում, որ Հայաստանը պարզապես հումք արդյունահանող եւ արտահանող երկիր պետք է լինի, այլ պետք է անցնի նորարական տնտեսության կայացման հայեցակարգին:

«Մենք պետք է կարողանանք արտահանել ոչ միայն պարզ հումք, այլեւ վերամշակել այն: Մենք պետք է ընդլայնենք արտադրելու մեր հնարավորությունները՝ ստեղծելով ժամանակակից արտադրություններ եւ թողարկելով միջազգային մրցունակ արտադրանք», - ասաց նա:

ՀՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ այսօր եկել է ժամանակը, որ «միավորեն բոլորի ջանքերը՝ խնդիրները լուծելու համար»:

«Մեր սեփական թերությունները, մեր սեփական պրոբլեմները հաղթարելու համար պետք է միավորվենք եւ միավորված պայքարենք այդ ամենի դեմ», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահն ասաց՝ ՀՀԿ-ն շատ լավ գիտե երկրի բոլոր խնդիրները: Նա առանձնացրեց բնապահպանական խնդիրները՝ ասելով, որ հաջորդ տարվա սկզբին «շատ մեծ առաջընթաց» է լինելու այդ հարցում, բնական պաշարները պետք է օգտագործվեն հաշվենկատորեն, եւ այդ նպատակով խստացվելու են շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ պետության վերահսկողության չափանիշները՝ կիրառելով միջազգային փորձը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ առանց պատշաճ բնապահպանական մոտեցումների երկրում չի իրականացվելու որեւէ ծրագիր:

«Շրջակա միջավայրի համարժեք ու ճիշտ պահպանությունը բերելու է զարգացման մեծ հնարավորությունների, ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ զբոսաշրջության ոլորտներում», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը Ագարակից հետո այցելեց Մեղրի, որտեղ շատ կարճ ժամանակ անցկացրեց, ուղղակի փողոցում ողջունեց ընտրողներին եւ ուղեւորվեց Կապանի բժշկական կենտրոններից մեկը:

«Շատ քաղաքական ուժեր գալու են, խոստումներ են տալու` դա լավ է, նորմալ երեւույթ է։ Բայց նաեւ, բնականաբար, քննադատելու են մեզ եւ ուրիշներին, կուրծք են ծեծելու, ասելու են, որ միայն ու միայն իրենք կարող են այս երկիրը առաջ տանել, միայն ու միայն իրենք կարող են թերությունների դեմ պայքարել, միայն իրենք կարող են զարգացում ապահովել», - Կապանում հայտարարեց Հանրապետական կուսակցության առաջնորդը` հավելելով. - «Բայց խնդիրը նրանում է, որ այդ քաղաքական ուժերից մի մասը արդեն այդ հնարավորությունը ունեցել է, եւ, ցավոք սրտի, մենք որեւէ արդյունք չենք տեսել։ Մյուս մասն էլ մարդիկ են, որ, էլի ցավոք սրտի, երբեւէ չեն ղեկավարել հինգ մարդ, տաս մարդ, երբեք չեն եղել պետական պաշտոնի, չգիտեն, թե ինչ է նշանակում պետության հնարավորություններ, ծավալների մասին որեւէ պատկերացումներ չունեն եւ այնպես են խոսում, ոնց որ թե իրենք կախարդական փայտիկ ունեն` խփելու են սեղանին, եւ մի օրում ամեն ինչը փոխվելու է»։

«Կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, որպեսզի Հայաստանը լինի ճիշտ ձեռքերում», - ասաց Սերժ Սարգսյանը` խնդրելով, որ ընտրողները իրենց ձայնը տան Հանրապետականին եւ թիվ 37 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուին։

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ երկօրյա է: Ապրիլի 17-ին նախատեսված են ՀՀԿ-ի ղեկավարի հանդիպումները Գորիսի, Դարպասի, Սիսիանի, Գորհայքի եւ հարակից գյուղերի ընտրողների հետ:

please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG