Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն հերքում է ՀԱԿ-ի հետ պայմանավորվածությունը


ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար անընդունելի են պատգամավորության թեկնածուների, նրանց վստահված անձանց վրա հարձակումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայ ազգային կոնգրեսի թեկնածուների վրա կիրակի օրվա հարձակման դեպքին՝ հայտարարեց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա քաղաքական ուժերին կոչ արեց ժողովրդին ներկայացնել «ծրագրերի ու գաղափարների այլընտրանքներ, այլ ոչ թե բռունցքների ու հայհոյանքների»:

ԲՀԿ-ի բուն քարոզարշավն ու հանդիպումները կուսակցության քարոզչության պատասխանատուն նորմալ գնահատեց, բայց միաժամանակ նկատելի համարեց իրենց դեմ երբեմն իրականացվող «սեւ քարոզչությունը»:

«Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ տարբեր լրատվամիջոցներով կարծես թե «սեւ քարոզչության» թիրախ փորձում է ընտրվել ԲՀԿ-ն, բայց դրանք դատապարտված քայլեր են եւ որեւէ արդյունք չեն տալու: Խորհուրդ եմ տալիս այդ ուժերին իրենց լրատվագործիքներով ոչ էներգիա վատնել, ոչ ավելորդ ֆինանսական ռեսուրսներ», - ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ զենքով քարոզարշավին մասնակցելու մասին (Ծառուկյանը ասել էր, որ դա հեռախոս է) չդադարող եւ բուռն քննարկումներին, Զոհրաբյանն ասաց. - «Դա իրենց գործն է, եթե պարապ մարդիկ են, եթե այլ կարեւոր գործեր չունեն, բնականաբար, պիտի իրենց համար զբաղմունք գտնեն: Նրանց ոչնչով օգնել չեմ կարող: Մենք պարզաբանում տվել ենք, իսկ ովքեր պարապ են, իրենց համար զբաղմունքներ են հորինում, կարող են նույն կերպ շարունակել»:

Արձագանքելով այսօր ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն իրականացնում է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի սցենարը, որի իմաստը հետագայում միասին կոալիցիա կազմելն է, Զոհրաբյանը հայտարարեց, որ դա ալոգիզմ է, որ դրանով «Ժառանգություն»-ը փորձում է արդարացնել չորս ուժերի միասնական շտաբին մաս կազմելու ճանապարհից ետ կանգնելու իր քայլը:

«Դա առնվազն լուրջ չէ: ԲՀԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ ստվերային պայմանավորվածություն չունի: Բոլոր ուժերի հետ կա մեկ պայմանավորվածություն, որպեսզի միացյալ ուժերով հնարավորինս վերահսկվի ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը: Եթե «Ժառանգությանը» պետք է իր նահանջը շատ կարեւոր նախաձեռնությունից արդարացնել ինչ-ինչ մտացածին, հնարովի եւ անլուրջ հիմնավորումներով, ապա չեմ կարծում, որ հասարակությունն դրանք կընկալի», - ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է բացատրում Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի փոփոխությունը ԲՀԿ-ի նկատմամբ, Զոհրաբյանը պատասխանեց. - «Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի իր գնահատականները հայտնել, եւ մենք իրավասու չենք վերլուծելու կամ անընդհատ մեկնաբանելու ամեն բառը: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքն է»:

«Հնարավո՞ր է ընտրություններից հետո ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀԱԿ-ի հետ», հարցին Զոհրաբյանը պատասխանեց. - «Այն քաղաքական ուժը, որը հիմա կարող է խոսել հնարավոր կոալիցիաների մասին, չեմ կարծում, թե կարող է ճշգրիտ լինել իր կանխատեսումներում: Ցանկացած հնարավոր զարգացումների, այդ թվում՝ հնարավոր կոալիցիաների մասին հնարավոր է խոսել միայն մայիսի 7-ից հետո»:

Անդրադառնալով այն փաստին, որ ՀԱԿ-ը թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի դեմ թեկնածություն չառաջադրեց, Զոհրաբյանն ասաց. - «Մենք կրկնում ենք՝ որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունենք»:

Ի դեպ, Զոհրաբյանը չհամաձայնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ն դադարել է լինել իշխող կոալիցիայի կամ Սերժ Սարգսյանի կցորդը:

«ԲՀԿ-ն երբեք որեւէ ուժի կցորդը չի եղել», - եզրափակեց նա:

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG