Մատչելիության հղումներ

Կոնգրեսը բարձրացնելու է Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը Արարատի մարզ այցելության ժամանակ այսօր հայտարարեց, որ ընդդիմադիր դաշինքը Ազգային ժողովում առաջին հերթին բարձրացնելու է Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը։

«Հայ ազգային կոնգրեսը Ազգային ժողովի այս ընտրությունները օգտագործելու է ոչ թե մանդատ, ոչ թե խմբակցություն ունենալու համար։ Մեր խնդիրը հետեւյալն է, որ Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսն ունենա լուրջ, ծանրակշիռ ներկայություն, եւ որպեսզի մենք կարողանանք իշխանափոխության խնդիրը նախագահական ընտրություններում արդեն իրականանալի ու ռեալ դարձնենք։ Ահա թե ինչու է պետք մեզ ձեր քվեն», - ասաց Ջհանգիրյանը։

Կոնգրեսի ներկայացուցիչները Արարատի մարզում իրենց ելույթները կառուցեցին գործող իշխանությունների՝ տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության քննադատության վրա։ Հիմնական թիրախը իշխող Հանրապետականն էր՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

«Հայաստանի գլխավոր խնդիրը արտագաղթն է եւ գործազրկությունը»․ կոնգրեսականների տարբեր ելույթներում նման գնահատականներ հնչեցին։

ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը, մասնավորապես, հայտարարեց․ - «Մեկ միլիոն մարդ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանը լքել է։ Էլ երկիր չի մնում։ Տասը տարի էլ ձգեք, ու սա կդառնա դաշտ»։

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց․ - «Այս պառլամենտական ընտրություններում ժողովրդի հաղթանակի հասնելու բանաձեւը գտնված է․ դա այն է, որ բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերը համախմբվեն Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության դեմ։ Եվ մենք տեսնում ենք, որ այս պլատֆորմի վրա հանարավոր է միավորել ոչ միայն ամբողջ հասարակությանը, ոչ միայն ամբողջ ընդդիմությանը, բայց նաեւ այն ուժերին, որ մինչեւ վերջերս համարվել են ռեժիմի մաս, չեն եղել ժողովրդի հետ»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկաներին նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրի վերլուծությունը ներկայացրեց, ասաց, եթե Հայ ազգային կոնգրեսն Ազգային ժողովում մեծամասնություն կազմի, թոշակները մեկ ամսվա ընթացքում կրկնապատկելու է․ - «Դրա համար պետք է 110 միլիարդ դրամ։ Դրա համար պետք է միայն, որ Ռոբերտ Քոչարյանին պատկանող Քաջարանը եւ մետաղական հարկերի այդ Մանես-Վալեքսները ընդամենը տան պետության հարկերը։ Դրա համար պետք է, որ Ֆլեշն ու Միկան հարկերը տան»։

Հանրահավաքը վարող ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը մասիսցիներին անընդհատ կոչ էր անում դուրս գալ ծառերի տակից եւ ավելի մոտիկից լսել իրենց։ Նա հայտարարեց, թե Մասիսում վախի մթնոլորտ է տիրում։

Լեւոն Զուրաբյանն էլ Սերժ Սարգսյանին առաջարկեց մարդկանց ահաբեկելու համար հատուկ շնորհակալություն հայտնել Մասիսի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, սակայն Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, իրենց հանրահավաքին սակավաթիվ մարդկանց ներկայության պատճառը ոչ թե վախի մթնոլորտն է, այլ արտագաղթը։ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե քաղաքականապես ակտիվ բնակչության մեծ մասն այսօր Հայաստանից հեռացել է, ասաց՝ գիտի, որ ընտրակաշառք բաժանելու դեպքեր են լինելու, բայց դա էլ չի օգնելու․ ժողովուրդն էլի իրենց է ընտրելու։

«Հիմա ձեր ձեռքին է։ Ի՞նչ է, ուզում եք էլի ձեր ձեռքով գողեր, ավազակներ դնեք ձեր գլխի՞ն։ Հիմա դուք որոշեք», - մասիսցիներին դիմեց Կոնգրեսի առաջնորդը։

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան
Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձավ հարցին, թե ինչու Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում։ Ասաց՝ Արեւմուտքը չի թողնում․ - «Հայաստանում Արեւմուտքին պետք է, այո՛, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նման թույլ իշխանություն, որովհետեւ նրանց կառավարելը հեշտ է»։

Մասիսում Հայ ազգային կոնգրեսի հետ հանդիպման եկել էին ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչներ, այնպես էլ անկուսակցականներ։ «Ազատություն» ռադիոկայանին նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ անդամ հանդիպեց, ով ասաց՝ եկել է, որովհետեւ ուզում է Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG