Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն դարձել է «ինքնուրույն քաղաքական գործոն»


Մաքս TV. Լեւոն Զուրաբյան
please wait

No media source currently available

0:00 0:59:30 0:00
«Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձեւավորումը վկայում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցությունը դրված է պաշտոնական հիմքի վրա», - այսօր հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս TV»-ի եթերում կայացած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին` ՀԱԿ համակարգողը համաձայնեց, որ ԲՀԿ-ն դադարել է լինել Սերժ Սարգսյանի կցորդը եւ փորձում է անկախ լինել. - «Բարգավաճ Հայաստան»-ը արդեն դարձել է ինքնուրույն քաղաքական գործոն, ի տարբերություն «Օրինաց երկրի», որը, ինչպես շատ դիպուկ բնորոշեց Տեր-Պետրոսյանը` դարձել է Հանրապետական կուսակցության կույր աղիքը: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, նկատելի է, որ նրանք պատրաստ են ինքնուրույն քայլեր կատարել: Եվ դրանից չօգտվելը, ես կարծում եմ, մի շռայլություն է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող»:

Օգտատերերից մեկի հարցին, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկը Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական նախաձեռնությունն է եղել, թե այն քննարկվել է ՀԱԿ-ում եւ անձամբ ՀԱԿ համակարգողը կո՞ղմ է այդ համագործակցությանը, Զուրաբյանը հակադարձեց, թե համագործակցության առաջարկ երբեւէ չի եղել. - «Եղել է ռեժիմից ԲՀԿ-ի սահմանազատման պարագայում օրինական ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության մասին քաղաքագիտական վերլուծություն` եւ այժմ այդ վերլուծությունը իրականություն է դառնում»:

«Ես չգիտեմ, թե այդ համագործակցությունը միասնական շտաբում, որը մենք արդեն սկսել ենք, դեպի ուր կտանի», - շարունակեց նա: - «Բայց սկիզբը շատ խոստումնալից է, եւ մենք վստահ ենք, որ միասնական շտաբում հավաքված ուժերը իսկապես շահագրգռված են, որ ընտրությունները անցնեն օրինական: Եվ դրա լավագույն վկայությունն է այն խուճապը եւ այն վախը, որի մեջ այսօր գտնվում են իշխանությունները: Հանրապետական կուսակցությունը փորձում է այդ վիճակից դուրս գալ, փորձում է հիմա ինչ-որ այլընտրանքային նախաձեռնություններով քանդել այդ ֆորմատը, բայց դա չի հաջողվում»:

Իսկ ի՞նչ է տալու այդ շտաբը եւ որո՞նք են վերահսկողություն իրականացնելու մեխանիզմերը. այս հարցին ի պատասխան Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այն ընտրակեղծիքներին դիմադրության լուրջ ռեսուրս է: Այսինքն եթե յուրաքանչյուր ընտրատեղամասում շտաբի անդամ կուսակցությունների վստահված անձինք ու ներկայացուցիչները Կոնգրեսի երկուական վստահված անձանց հետ համատեղ պայքարեն, ապա կարող են լուրջ արդյունքների հասնել. - «Եթե հանձնաժողովներում նույն գործին լծված լինեն Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստան»-ի հանձնաժողովի անդամները եւ նրանց վստահված անձինք, ուրեմն վստահ եղեք, որ ոչ մի ընտրակեղծիք Հանրապետականները չեն կարողանալու իրագործել` եթե չդիմեն իհարկե ամոթալի բռնությունների: Բայց այդտեղ նրանք արդեն ըստ էության ժողովրդին կդրդեն հեղափոխության»:

Օգտատերերից մեկը, հիշեցնելով ՀԱԿ ներկայացուցիչների ելույթներում իշխանությունների հասցեին հնչած պիտակավորումները, հետաքրքրվել է, թե ինչպես ստացվեց, որ Կոնգրեսը համաձայն է մի ուժի հետ համագործակցության, որը ոչ միայն 4 տարի այս վարչակազմի մաս է եղեկ որպես կոալիցիոն գործընկեր, այլեւ շարունակում է մնալ եւ պահպանել պորտֆելները: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք իրենց ոչ մի գնահատականից չեն հրաժարվում, բայց խորհրդարանական ընտրություններում իրենց գերնպատակը Հանրապետական մեծամասնությանը կազմաքանդելն է եւ իրենց ռազմավարությունը ըստ այդմ են ընտրել:

«Եթե մենք կարողանում ենք ստեղծել հակահանրապետական ֆռոնտ, այսինքն` բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ չարիքը դա Հանրապետական կուսակցության կողմից, Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից ընտրակեղծիքներն են, որոնց դեմ պետք է համախմբվել եւ միասին դիմադրել, մենք դրանից պետք է հրաժարվե՞նք, թե՞ պետք է հասկանանք, որ դա լավագույն ռազմավարությունն է», - նշեց Զուրաբյանը` շարունակելով. - «Մենք նախկինում տրված որեւէ գնահատական չենք փոխում, մեր բոլոր մեղադրանքները մնում են ուժի մեջ: Բայց այստեղ ուղղակի ընտրություններում հաղթելու ռազմավարություն է: Մենք ուզում ենք ապահովել ժողովրդի հաղթանակը: Եթե մենք բոլորի դեմ պատերազմ տանեինք եւ ընտրատեղամասերում մեզ նորից ջախջախեին բիրտ ուժով եւ մեր ակտիվիստների նկատմամբ հալածանքներով եւ այլն, մենք ի՞նչ պիտի ասեինք: Պիտի ասեինք` տեսեք, մենք ոչ մեկի հետ չգնացինք ոչ մի համագործակցության եւ արժանապատվորեն պարտվեցինք… Թե՞ ավելի լավ է որդեգրել մի ռազմավարություն, որով կարողանում ենք ճեղքել ընտրակեղծարար մեքենան ու ապահովել ժողովրդի հաղթանակը»:

Լեւոն Զուրաբյանը մեկ ժամանոց ասուլիսի ժամանակ հնչեցին տարաբնույթ այլ հարցեր եւս` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության «ցուրտ ու մութ» տարիներից մինչեւ ՀԱԿ-ի այսօրվա նախընտրական խոստումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG