Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նիստը տապալվեց «քարոզարշավի պատճառով»


Շարմազանովը՝ ԱԺ նիստերի դատարկ դահլիճում
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00
Ազգային ժողովի այսօրվա նիստը չկայացած հայտարարելու պահին խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից բացի որեւէ պատգամավոր չկար նիստերի դահլիճում:

Շարմազանովը, հայացքն ուղղելով կարմիր, դատարկ աթոռներին, իր հայտարարությունը սկսեց «հարգելի խորհրդարան» բառերով եւ շարունակեց. - «Քանի որ քվորում չունենք, այսօրվա նիստը համարվում է չկայացած»։

Ըստ կանոնակարգի՝ եթե նիստն իրավազոր չէ, գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նիստը չկայացած հայտարարելուց 3 ժամ առաջ` կեսօրին, գրանցվել էր 2 պատգամավոր: Հիշեցնենք՝ քվորումի ապահովման համար անհրաժեշտ է խորհրդարանի 131 պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի գրանցումը:

Ազգային ժողովի երեկվա նիստը նույնպես չէր կայացել քվորումի բացակայության պատճառով:

Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակի պատճառը քարոզարշավն է․ - «Պատգամավորների մեծամասնությունը զբաղված է քարոզարշավով, եւ քանի որ նրանք նաեւ պատգամավորության թեկնածուներ են, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում եւս այդպես է, եւ պատգամավորական աշխատանքի բաղկացուցիչ մասը նաեւ այն է, որ կարող է քվորում չլինել»։

Ազգային ժողովի պատգամավորներն իրենց մանդատները ստանալիս երդվում են բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետն է` պատգամավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Նույն այդ կանոնակարգ օրենքի համաձայն, անհարգելի բացակայությունների դեպքում պատգամավորների աշխատավարձը այդ օրերի համար չի տրվում։ Արդյո՞ք նիստերին չմասնակցելը չի նշանակում, որ պատգամավորները չեն կատարում իրենց պարտականությունները: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը այսպես պատասխանեց. - «Իրենք ազատ են իրենց պարտականությունները կատարելու հարցում, օրենքը իրենց հնարավորություն է տալիս»։

Վերջին երկու օրերին 130 պատգամավորներից որեւէ մեկին պետք չեկած ու չհաստատված օրակարգի նախագծում ներառված է 70-ից ավելի հարց․ հիմնականում նիստից նիստ փոխանցվող նախագծեր:

Ազգային ժողովի հաջորդ քառօրյան նախատեսված է մայիսի սկզբին՝ քարոզարշավի վերջին օրերին:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG