Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը այցելում է Չեխիա


Ադրբեջանի եւ Չեխիայի նախագահների հանդիպումը Բաքվում, 17-ը մայիսի, 2011թ.
Ադրբեջանի եւ Չեխիայի նախագահների հանդիպումը Բաքվում, 17-ը մայիսի, 2011թ.
Չեխական կողմի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Պրահա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին փոխանցել է Ադրբեջանում Չեխիայի դեսպան Ռադեկ Մատուլան, սպասվում են հանդիպումներ նախագահ Վացավ Կլաուսի, Չեխիայի օրենսդիրների եւ Պրահայի քաղաքապետի հետ:

Ալիեւին այցի ընթացքում ուղեկցում են արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը եւ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը:

Դեսպանի փոխանցմամբ, նախատեսվում է երկու հուշագրի ստորագրում երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ` տուրիզմի, ինչպես նաեւ ազգային գրադարանների եւ թանգարանների ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Սա երկու երկրների նախագահների արդեն երրորդ հանդիպումը կլինի։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2009 թվականին Պրահայում տեղի ունեցած Արեւելյան գործնկերության գագաթնաժողովի ընթացքում, երկրորդ անգամ` 2011-ի մայիսին, երբ Չեխիայի նախագահը քառօրյա այցով Բաքվում էր:

Չեխիային հետաքրքրում են Ադրբեջանի նավթն ու գազը գնելու հնարավորությունները։ Ինչպես Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել էր Կլաուսը, Չեխիայի նավթի պահանջարկի 20 տոկոսը ապահովում է հենց Ադրբեջանը։ Նա հնարավոր էր համարել, որ առաջիկայում այդ թիվը կավելանա:

Ադրբեջանն ու Չեխիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 18 տարի առաջ, Բաքվում Չեխիայի դեսպանատունը բացվել է 2009 թվականին, Պրահայում Ադրբեջանի դեսպանատունը սկսել է գործել ավելի վաղ` 2007-ին:

2005 թվականին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է չեխ - ադրբեջանական աշխատանքային խումբ:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան» գործակալությանը փետրվարին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Չեխիայի դեսպանը, անցյալ տարի 34 տոկոսով ավելացել է Չեխիա այցելող ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը։

Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2011-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 47 տոկոսով եւ կազմել 1 միլիարդ 912 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG