Մատչելիության հղումներ

Ապամոնտաժող բրիգադը ճեղքեց ոստիկանական պատնեշը


Ապամոնտաժող բրիգադը ճեղքեց ոստիկանական պատնեշը
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Եռօրյա ժամկետում քաղաքային իշխանություններից չստանալով որեւէ արձագանք՝ ապամոնտաժող քաղաքացիական բրիգադի շուրջ երկու տասնյակ ակտիվիստները չորեքշաբթի անցան գործողությունների:

Նրանք նախ կոչ արեցին ոստիկանությանը թույլ տալ մտնել կրպակների տարածք՝ ընդամենը զննություն կատարել համար, սակայն մերժում ստանալով՝ բրիգադի անդամներից մի քանիսը այգու տարբեր հատվածներում ճեղքեցին ոստիկանական պատնեշն ու, հաղթահարելով մետաղական արգելափակոցը, մտնել կրպակների տարածք:

Չնայած նախապես հնչած սպառնալիքներին, ոստիկանությունը որեւէ մեկին բերման չենթարկեց, փոխարենը նրանք, ֆիզիկական ուժի գործադրմամբ՝ հրելով, քարշ տալով, ակտիվիստներին դուրս բերեցին կրպակներից:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ամուր փաթաթվել էր կրպակներից մեկի հիմնասյունին, մի քանի ոստիկաններ պոկեցին նրան մետաղասյունից, Խզմալյանը գետնին ընկավ, իսկ ոստիկանները նրան քարշ տալով դուրս բերեցին կրպակից: Դրանից հետո Խզմալյանը նստել էր գետնին` հենց արգելապատնեշի առջեւ եւ չէր հեռանում: «Մեր հարկերից ստացած աշխատավարձով խլում են մեր սեփականությունը, մեր երեխաների ապագան, թույլ չենք տալու», - ասում էր նա:

«Սիրով հրավիրեցին՝ կարմիր գորգով... հարցնում են՝ մենք ցավ զգում ենք, թե չէ. Սա ամենածիծաղելին է, իրենք չեն հասկանում, թե ինչ ցավ ենք մենք զգում, ասում են՝ դուք ձեր ուզածը ստացաք, այսինքն նկարվեցիք: Իրենք իսկապես կարծում են, որ մենք եկել ենք այստեղ նկարվելու: Ես ասում եմ՝ ես նկարվող չեմ, ես նկարող եմ: Այս ամենը դեռ սկիզբն է: Մենք կբերենք հարյուր հոգի, հազար հոգի, տաս հազար հոգի», - ասաց կինոռեժիսորը:

Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ում եւս ոստիկանները հրելով դուրս բերեցին կրպակներից, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանից պահանջում էր ձերբակալել իրեն, եթե ինքը օրենք է խախտել:

«Մենք չենք ուզում ձերբակալել Ձեզ, ախր ես զարմանում եմ ձեր ակտիվության վրա, որ ուզում եք ձերբակալվել: Օրենքը պահպանելու, օրենքին ենթարկվելու խնդիր կա, հիմա մենք հորդորում ենք ձեզ՝ ծայրահեղ քայլերի մի գնացեք», - պատասխանեց Մելքոնյանը:

Եթե չեն ձերբակալում, ուրեմն իր իրավունքի համար պայքարող քաղաքացին անձեռնմխելի է, ակցիայից հետո ելույթ ունենալով այգում հայտարարեց քաղաքագետը: Անդրեաս Ղուկասյանի խոսքով՝ Մաշտոցի այգու պայքարը մեծ շարժման է վերածվելու, եթե քաղաքապետարանը չապամոնտաժի կրպակները:

«Շարժում ոչ թե բուտիկների դեմ, այլ այն համակարգի, որը երկրում չի կարող օրենք պահպանել, եւ որը դրդում է մեր հարգելի ոստիկանությանը պահպանել մի անօրինական երեւույթ եւ մի տհաճ իրադրության մեջ հայտնվել ամբողջ հանրության առջեւ: Մենք գալու ենք այստեղ եւ մենք են շրջապատելու այս բոլոր բուտիկները: Ոստիկանությունը մնալու է մեր շրջապատման ներսում», - հայտարարեց քաղաքագետը:

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե ապամոնտաժող բրիգադի նպատակը շոու սարքելն է, այգում հասարակություն հավաքելը:

Տիգրան Խզմալյանը, արձագանքելով այս որակմանը, թե իրենք շոու են սարքում, ասաց՝ տասը հոգու դիմաց հարյուր ոստիկան կանգնեցնելով իշխանությունն է շոու սարքել:

Ապամոնտաժող բրիգադը այսօր հեռացավ այգուց` հայտարարելով, որ առաջիկայում իրենց են միանալու հասարակական մեծ խմբեր:

Բնապահպան ակտիվիստները այգում շարունակում են շուրջօրյա նստացույցը, քաղաքապետարանն էլ Մաշտոցի պուրակում բարեկարգման աշխատանքներ է իրականացնում, այս օրերին շինտեխնիկան քանդում է հին ճեմուղին, նոր սալիկներ տեղադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG